Bankomat

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

Լուրեր | 2026/07/21 02:01

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

Հայաստանում հանրային ծառայությունների չափման սարքերի ստուգաչափման գները կսահմանվեն

Հայաստանում առաջարկվում է սահմանել հանրային ծառայությունների ոլորտներում կիրառվող ջրի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ չափման սարքերի ստուգաչափման գները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության մշակած հրամանի նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով մինչև 20 միլիմետր պայմանական անցումով ջրի հաշվիչի ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 300 դրամ, իսկ 25 միլիմետր և ավելի անցումով ջրի հաշվիչինը՝ 2500 դրամ:

Կենցաղային գազի հաշվիչի ստուգաչափումը կարժենա 500 դրամ: Ավելի մեծ հզորությամբ գազի ծավալային մեմբրանային հաշվիչների ստուգաչափման գինը կկազմի 1000 կամ 1500 դրամ՝ կախված սարքի թողունակությունից:

Գազի ռոտացիոն և տուրբինային հաշվիչների ստուգաչափման համար նախատեսվում է սահմանել 8000-ական դրամ գին, իսկ էլեկտրոնային ծախսաչափերի ստուգաչափման համար՝ 32 հազար դրամ:

Էլեկտրական էներգիայի միաֆազ հաշվիչի ստուգաչափման գինը նախատեսվում է սահմանել 400 դրամ, եռաֆազ հաշվիչինը՝ 600 դրամ:

Ջերմային հաշվիչի ստուգաչափման գինը կկազմի 12 հազար դրամ, հոսքաչափինը՝ 5000 դրամ, իսկ էլեկտրամագնիսական և ուլտրաձայնային հոսքաչափերի ու ծախսաչափերի համար՝ 15 հազար դրամ:

Հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափումը կարժենա 2000-ական դրամ: Ջրի, գազի և էլեկտրական հաշվիչների ստուգաչափման կայանքների համար նախատեսվում է սահմանել 25 հազար դրամ գին:

Նշված բոլոր գները ներկայացված են առանց ավելացված արժեքի հարկի:

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2018 թվականին ընդունված համապատասխան հրամանը և նոր կարգավորումները համապատասխանեցնել «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխություններին:

Հրամանը նախատեսվում է ուժի մեջ դնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Նախագծի ընդունմամբ պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների և ծախսերի էական փոփոխություն չի ակնկալվում:

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ