Bankomat

Հայաստանն ու Իրանը գործարկում են Նորդուզ–Մեղրի «կանաչ» մաքսային միջանցքը

Լուրեր|2026/09/13 14:54
Հայաստանն ու Իրանը գործարկում են Նորդուզ–Մեղրի «կանաչ» մաքսային միջանցքը

Կողմերը պայմանավորվել են պարզեցնել մաքսային ընթացակարգերը և արագացնել բեռնատարների անցումը սահմանով։

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները համաձայնության են եկել Նորդուզ–Մեղրի ուղղությամբ պարզեցված «կանաչ» մաքսային միջանցք գործարկելու շուրջ։ Այդ մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ անդրադառնալով Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Իրանի մաքսային վարչակազմի ղեկավար Ֆորուդ Ասգարիի հանդիպման արդյունքներին։

Հանդիպումը տեղի է ունեցել Ջուլֆայում։ Քննարկման առանցքում եղել են երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցումը և բեռնատարների տեղաշարժի արագացումը։ Արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն։

Tasnim-ի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են զարգացնել բեռնատարների վերաբերյալ տեղեկատվության նախնական էլեկտրոնային փոխանակման համակարգը (Pre-Arrival)։ Նախատեսվում է փուլային անցում թղթային փաստաթղթաշրջանառությունից թվային ձևաչափի։

Օրակարգում եղել են նաև լիազորված տնտեսական օպերատորների կարգավիճակի փոխադարձ ճանաչման (AEO/MRA), մաքսային տվյալների էլեկտրոնային փոխանակման (EDI) և երկու երկրների մաքսային մարմինների աշխատանքի համակարգման հարցերը։

Բացի այդ, Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ևս 10 տարով երկարաձգել Նորդուզ–Մեղրի սահմանային դարպասների համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիրը։ Երկու երկրների մաքսային կառույցների ղեկավարները նաև շրջայց են կատարել սահմանային ենթակառուցվածքներում և ծանոթացել մաքսային ընթացակարգերի կազմակերպմանը։

Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իրանը և Հայաստանը վերջնականացնում են «կանաչ» մաքսային միջանցքի մեխանիզմի համաձայնեցումը, որը պետք է արագացնի ապրանքների անցումը սահմանով։ Այդ մեխանիզմը ենթադրում է թղթային փաստաթղթերի ծավալի և մաքսային ստուգումների թվի կրճատում՝ ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ինչպես նաև տվյալների նախնական էլեկտրոնային փոխանակում։

Նախնական փուլում պարզեցված ռեժիմը, մասնավորապես, կկիրառվի գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի և առանձին առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ