Bankomat

Հայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը

Լուրեր|2026/09/13 00:03
Հայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը

Էրբիլում կողմերը խոսել են արտահանման խթանման և կապերի ակտիվացման մասին։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին կապերի վարչության ղեկավար Սաֆին Դիզաիի հետ։ Քննարկման առանցքում եղել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները։

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը անդրադարձել են նաև Հայաստանից Իրաք, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման հնարավորություններին։ Բացի այդ, զրուցակիցները քննարկել են երկկողմ շփումների ակտիվացումը և համագործակցության խորացումը մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։

Էրբիլ այցի շրջանակում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի արտաքին հարցերով խորհրդականի և փոխվարչապետի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների վարչության ղեկավար Պեշավա Մուհամմադի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի արտաքին հարցերով ավագ խորհրդական Բայան Սամի Աբդուլ Ռահմանի, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սարվար Քամալ Խավարիի հետ։

Այդ հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնման և հետագա համագործակցության խորացման հետ կապված հարցեր։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ