Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կինոլոգիական կենտրոնը և Ուզբեկստանի մաքսային մարմինների կինոլոգիական ստորաբաժանումը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը վերնագրված է՝ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Ուզբեկստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը կից Մաքսային կոմիտեի միջև կինոլոգիական ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության մասին»։
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ հուշագրի նպատակն է ընդլայնել երկու երկրների մաքսային մարմինների կինոլոգիական ծառայությունների համագործակցությունը, կազմակերպել առաջատար մասնագիտական փորձի փոխանակում և կիրառել ոլորտում օգտագործվող ժամանակակից մեթոդներ։ Փաստաթուղթը նաև միտված է ծառայողական շների պատրաստման և ծառայության ընթացքում դրանց կիրառման գործընթացների կատարելագործմանը։
Հուշագրով նախատեսվում է նաև ամրապնդել համագործակցությունը կինոլոգների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, ինչպես նաև նրանց վերապատրաստման ուղղությամբ։
ՊԵԿ-ը նշում է, որ փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Ուզբեկստանի մաքսային մարմինների միջև մասնագիտական կապերի ամրապնդման և կինոլոգիական ծառայությունների ներուժի զարգացման համար։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ուզբեկստանում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության 7-րդ համաշխարհային կինոլոգիական ֆորումի շրջանակում։

Աղբյուր՝ finport.am
