Bankomat

Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2021-ից աճել են շուրջ վեց անգամ՝ անցնելով 400 մլրդ դրամը

Լուրեր|2026/09/11 14:30
Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2021-ից աճել են շուրջ վեց անգամ՝ անցնելով 400 մլրդ դրամը

Dimension Investments-ի ղեկավարի խոսքով՝ շուկայի աճին նպաստել են ինչպես կապիտալի ներհոսքը, այնպես էլ նոր ենթակառուցվածքը։

Հայաստանի ներդրումային ընկերությունների ակտիվները 2021 թվականից աճել են մոտ վեց անգամ՝ 67 մլրդ դրամից հասնելով ավելի քան 400 մլրդ դրամի։ Այս մասին Երևանում անցկացված «INVESTMENT PERSPECTIVES 2026» համաժողովում հայտարարել է Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին ոլորտը գրանցել է աննախադեպ աճ։ Եթե 2021 թվականի վերջում երկրում գործում էր 13-14 ներդրումային ընկերություն, ապա այժմ դրանց թիվը հասել է 27-ի, այսինքն՝ փաստացի կրկնապատկվել է։

Միաժամանակ, ներդրումային ընկերությունների սեփական կապիտալը 12 մլրդ դրամից աճել է մոտ 130 մլրդ դրամի։ Հարությունյանը շեշտել է, որ այս աճը պայմանավորված չէ լծակավորման ավելացմամբ և այն կարելի է գնահատել որպես առողջ աճ։

Արտաքին գործոնների ազդեցությունը

Dimension Investments-ի ղեկավարի գնահատմամբ՝ այս դինամիկայի վրա զգալի ազդեցություն են ունեցել արտաքին գործոնները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներդրումային ոլորտի վրա այդ ազդեցությունը բազմաշերտ է եղել։

Մասնավորապես, Հայաստան եկած կապիտալի մի մասը մնացել է երկրում, մի մասն էլ հետագայում դուրս է եկել, բայց այդ ընթացքում ընկերությունները ստացել են միջնորդավճարային եկամուտներ, մեծացրել են շահույթն ու սեփական կապիտալը։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ աճի այս բաղադրիչը կարող է ամբողջությամբ կայուն չլինել։

Այդուհանդերձ, Հարությունյանի խոսքով, կապիտալի ներհոսքն ունեցել է նաև ավելի երկարաժամկետ հետևանքներ։ Այն ձևավորել է որակյալ ներդրումային ծառայությունների, ներդրումային ավելի լայն գործիքակազմի և տարբեր համաշխարհային շուկաներին հասանելիության մեծ պահանջարկ։ Նրա խոսքով՝ հայկական ներդրումային ընկերությունները ստեղծել են անհրաժեշտ ենթակառուցվածքը, և այն պահպանվում է։

Նա կարևորել է նաև Հայաստան ժամանած որակավորված մասնագետների դերը՝ նշելով, որ նրանք իրենց հետ բերել են մասնագիտական փորձ, հմտություններ և կապեր արտասահմանյան շուկաների հետ։ Նույնիսկ եթե այդ մարդկանց մի մասը հետագայում հեռանա, ստեղծված կապերն ու ենթակառուցվածքը, նրա համոզմամբ, կմնան շուկայում։

Այս համատեքստում Հարությունյանը չի բացառել ոլորտի աճի տեմպերի դանդաղումը, սակայն ընդգծել է, որ վերջին տարիներին ձևավորված շուկայական հիմքը շարունակում է մնալ կայուն։

Շուկա են մտնում նոր ճյուղերի ընկերություններ

Հարությունյանը խոսել է նաև Հայաստանի կապիտալի շուկայում տեղի ունեցող կառուցվածքային և որակական փոփոխությունների մասին։ Նրա ներկայացմամբ՝ 2024 թվականին շուրջ 26 պարտատոմսերի թողարկողներից միայն հինգից վեցն էին ոչ ֆինանսական հատվածից։

Մինչդեռ այս տարի միայն վերջին երկու ամսում շուկա են բերվել և ցուցակվել ոչ ֆինանսական հատվածի վեց նոր ընկերություններ։ Նրանց համար սա կապիտալի շուկա առաջին մուտքն էր, և այդ վեց ընկերությունները ներկայացնում են հինգ նոր ճյուղեր։

Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ այդ ընկերություններից մի քանիսը հայկական շուկայում լայն ճանաչում ունեն, և սպառողների զգալի մասը օգտվում է դրանց արտադրանքից, սակայն մինչ այժմ դրանք կապիտալի շուկա չէին մտել։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ