Bankomat

Հայաստանի կառավարությունում քննարկվել են Համաշխարհային բանկի 818 մլն դոլարի ծրագրերը

Լուրեր|2026/10/06 15:04
Հայաստանի կառավարությունում քննարկվել են Համաշխարհային բանկի 818 մլն դոլարի ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և World Bank-ի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը քննարկել են ընթացիկ վարկային ու դրամաշնորհային նախագծերը։

Հայաստանի կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը քննարկել են երկրում իրականացվող Համաշխարհային բանկի ընթացիկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընթացքը։ Ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 818 մլն դոլար։

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի դերը Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման գործում և ընդգծել ռազմավարական ուղղություններով համագործակցության արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում, առողջապահությունում, զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև պետական համակարգերի արդիականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։

Քննարկման ավարտին վերահաստատվել է ռազմավարական համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ինչպես գործող ծրագրերի շրջանակում, այնպես էլ փոխգործակցության նոր հնարավորությունների որոնման միջոցով։

Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է 1992 թվականից։ Այդ ժամանակահատվածում երկիրը ստացել է ավելի քան 2.5 մլրդ դոլար՝ ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և պետական կառավարման արդիականացման ծրագրերի ֆինանսավորման համար։

Ներկայում Համաշխարհային բանկի խումբը Հայաստանում իրականացնում է 2025–2029 թվականների գործընկերության շրջանակային ռազմավարությունը, որի հիմնական նպատակներն են ավելի շատ որակյալ աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և երկրի դիմակայունության բարձրացումը տնտեսական, բնապահպանական և սոցիալական ցնցումների նկատմամբ։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ