Bankomat

Հայաստանի կառավարությունը խաղողի մթերման վարկերի համար պետական երաշխիքներ կտա

Լուրեր|2026/09/11 12:38
Հայաստանի կառավարությունը խաղողի մթերման վարկերի համար պետական երաշխիքներ կտա

Մեխանիզմը նախատեսված է անխափան մթերում ապահովելու համար՝ անբավարար գրավի դեպքում։

Հայաստանի կառավարությունը բյուջետային երաշխիքներ կտրամադրի այն վարկերի համար, որոնք տնտեսավարողները կվերցնեն խաղողի մթերում կազմակերպելու նպատակով, եթե գրավային ապահովումը բավարար չէ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ մոտ մեկ շաբաթից խաղողի մթերման գործընթացը կմտնի լիարժեք փուլ։ Որպեսզի մթերումն անցնի անխափան և առկա ամբողջ ծավալը գնվի, կառավարությունը քննարկումներ է անցկացրել բիզնեսի ներկայացուցիչների և մթերող ընկերությունների, մասնավորապես՝ հայկական բրենդային գինի արտադրողների հետ։

Պապոյանը նշել է, որ սեպտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը կառավարությունը կարող է տրամադրել մինչև 50% չափով բյուջետային երաշխիք՝ խաղողի մթերման համար ներգրավվող վարկերի գծով։ Միևնույն ժամանակ, երաշխիքի չափը չի կարող գերազանցել ընկերության կողմից նախորդ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի արժեքը։

Նախարարը պարզաբանել է մեխանիզմը օրինակով․ եթե ընկերությունը պատրաստ է 3 մլրդ դրամի խաղող գնել, բայց վարկ ստանալու համար կարող է ներկայացնել միայն 1.5 մլրդ դրամ արժողությամբ գրավ, ապա առանց պետական աջակցության կկարողանա մթերում իրականացնել միայն այդ չափով։ Ծրագրի շրջանակում, ըստ նրա, ընկերությունը կկարողանա լրացուցիչ ևս 1.5 մլրդ դրամի խաղող գնել, իսկ պետությունը կերաշխավորի այդ մասով վարկային միջոցների ներգրավումը։

Պետական երաշխիք ստանալու պայմաններից մեկը այն է, որ լրացուցիչ մթերման գումարը՝ 1.5 մլրդ դրամը, պետք է պարտադիր վճարվի անկանխիկ ձևով։ Այսինքն՝ ընկերությունը պետք է ունենա մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը կնքված պայմանագրեր, որոնց հիման վրա պետք է իրականացվեն գնումներն ու անկանխիկ վճարումները։

Բացի այդ, ընկերությունը նախորդ տարի պետք է արտահանած լինի հայկական գինի առնվազն 1.5 մլրդ դրամի չափով։ Պապոյանը նաև ասել է, որ եթե 2024–2025 թվականներին ընկերություններն արդեն ներգրավել են նմանատիպ վարկային միջոցներ և այժմ մարում են դրանք, ապա բանկերի համաձայնությամբ նրանց կառաջարկվի վեց ամիս վճարել միայն տոկոսները՝ ժամանակավորապես հետաձգելով մայր գումարի մարումը։ Ազատվող միջոցները, նախարարի խոսքով, կարող են ուղղվել խաղողի մթերմանը։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ