Bankomat

Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի խաղողի մթերման վարկերի տոկոսադրույքները

Լուրեր|2026/09/13 09:01
Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի խաղողի մթերման վարկերի տոկոսադրույքները

Ծրագիրը ներառում է նաև բյուջետային երաշխիքներ խաղող մթերող տնտեսավարողների համար։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում որոշել է սուբսիդավորել այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տնտեսավարող սուբյեկտները ներգրավում են խաղողի մթերման համար։

Նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ քայլը միտված է մեղմելու խաղողի մթերման գործընթացում առկա խնդիրները, քանի որ ամբողջ ծավալով մթերումները կմեկնարկեն մոտ մեկ շաբաթ անց։

Ծրագրով նախատեսվում է տրամադրել մինչև 50% բյուջետային երաշխիք՝ այն դեպքերում, երբ գրավային ապահովվածությունը բավարար չէ։ Միևնույն ժամանակ, երաշխիքի չափը չի կարող գերազանցել նախորդ տարվա արտահանված արտադրանքի արժեքը։ Ծրագրի այս հատվածը գործելու է սահմանափակ ժամկետով՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը։

2024 և 2025 թվականներին տրամադրված վարկերի մասով, ծրագրին մասնակցող ֆինանսական հաստատությունների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ, կարող են սահմանվել հիմնական գումարի մարման լրացուցիչ արտոնյալ պայմաններ՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը։ Այդ վարկերի մարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 6 ամսով։ Ընդ որում, յուրաքանչյուր վարկառու կարող է օգտվել հիմնական գումարի մարման պայմանները փոխելու հնարավորությունից միայն 2024 թվականին կամ միայն 2025 թվականին ստացած վարկերի համար։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ վարկավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերում իրականացնող տնտեսավարողներին ևս կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ։ Երաշխիքի չափը չի կարող գերազանցել ֆինանսական հաստատության կողմից տրամադրված վարկի 50%-ը, սակայն չի կարող լինել ավելի մեծ, քան նախորդ տարվա արտահանված արտադրանքի արժեքը։ Միաժամանակ, տրամադրվող բյուջետային երաշխիքի նվազագույն չափը սահմանվել է 100 մլն դրամ։

Այս երաշխիքները կարող են տրամադրվել առանց լրացուցիչ գրավի։ Վարկի հիմնական գումարի մարումները նախ և առաջ ուղղվելու են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը։ Բյուջետային երաշխիքների առավելագույն մարման ժամկետը սահմանվել է 27 ամիս։

Տնտեսավարողներից ստացված տվյալների համաձայն՝ 7 շահառու պայմանագրեր են կնքել մոտ 80 հազար տոննա խաղողի մթերման համար՝ շուրջ 12 մլրդ դրամ արժեքով։ Այսպիսով, ընթացիկ տարվա խաղողի մթերման գործընթացը ապահովելու համար ներկայացված բյուջետային երաշխիքների հայտերի ընդհանուր արժեքը գնահատվում է մինչև 6 մլրդ դրամ։

Շահառուները պետք է մինչև օգոստոսի 1-ը ստորագրված պայմանագրեր ունենան և մթերման գործընթացն իրականացնեն անկանխիկ եղանակով։

Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ արտահանման, հատկապես սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի արտահանման տեսանկյունից, մեծ նշանակություն ունի նաև զբոսաշրջության ոլորտի ակտիվությունը, քանի որ դա խթանում է նման արտադրանքի պահանջարկը այցելուների շրջանում։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ