
Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին զգալի վերափոխում է անցել՝ աճ գրանցելով տեխնոլոգիաների, ֆինանսական ծառայությունների և ձեռնարկատիրության ոլորտներում, ինչպես նաև ներդրողների հետաքրքրության ֆոնին։ Cube Invest-ի գնահատմամբ՝ այս միտումները, կայուն և լավ կարգավորվող ֆինանսական համակարգի հետ միասին, հիմք են ստեղծում երկրի կապիտալի շուկայի հետագա զարգացման համար։
Երևանում անցկացված «INVESTMENT PERSPECTIVES 2026» ֆորումում Cube Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն ասել է, որ Հայաստանի կապիտալի շուկան ունի զգալի չօգտագործված ներուժ, և դրա զարգացման տեմպերը կարելի է ավելի մոտեցնել երկրի ընդհանուր տնտեսական առաջընթացին։
«Մեր տնտեսությունը փոքր է, բայց արագ փոխակերպվող։ Մեր տեխնոլոգիական հատվածը միջազգային մակարդակի է։ Բանկային համակարգը և ընդհանրապես ֆինանսական համակարգը կայուն են և շատ լավ կարգավորվող։ Միևնույն ժամանակ, կապիտալի շուկայի խորությունը դեռ հետ է մնում մեր տնտեսության իրական ներուժից», — նշել է Մարգարյանը։
Նրա խոսքով՝ այս բացը պետք է կրճատել հետևողական աշխատանքի միջոցով։ Նա շեշտել է, որ կապիտալի շուկան այն կարևոր օղակն է, որը խնայողությունները վերածում է ներդրումների, իսկ ներդրումները՝ տնտեսական զարգացման։
Մարգարյանի գնահատմամբ՝ առանց այդ օղակի ընկերությունները դանդաղ են աճում, ներդրողները սահմանափակ ընտրություն են ունենում, իսկ տնտեսությունը շարունակում է հիմնականում կախված մնալ ֆինանսավորման մեկ աղբյուրից։
Cube Invest-ի ղեկավարը նաև ընդգծել է, որ կապիտալի շուկայի զարգացումը մեկ կառույցի ուժերով հնարավոր չէ ապահովել։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է ամբողջական էկոհամակարգ, որտեղ կլինեն վստահություն ձևավորող կարգավորող մարմին, շուկայի դերը կարևորող պետություն, զարգացող բորսա, պատրաստված ներդրողներ և ավելի թափանցիկ ու հրապարակային դառնալու պատրաստ էմիտենտներ։
Աղբյուր՝ armbanks.am
