Bankomat

Հայաստանի և Եվրոպայի դատախազությունները համագործակցության պայմանավորվածություն են ստորագրել

Լուրեր|2026/09/12 03:01
Հայաստանի և Եվրոպայի դատախազությունները համագործակցության պայմանավորվածություն են ստորագրել

Փաստաթուղթը միտված է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի և ակտիվների վերադարձի համագործակցության խորացմանը։

Հայաստանի գլխավոր դատախազությունը և European Public Prosecutor’s Office-ը ստորագրել են համագործակցության աշխատանքային պայմանավորվածություն, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 11-ին։ Փաստաթուղթը Լյուքսեմբուրգում ստորագրել են Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և European Chief Prosecutor Laura Codruta Kovesi-ն։

Պայմանավորվածության նպատակը երկու կառույցների համագործակցության ամրապնդումն է՝ իրենց լիազորությունների շրջանակում իրականացվող քննությունների և քրեական հետապնդումների ընթացքում։ Առանձնահատուկ շեշտը դրված է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։

Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կոնկրետ գործերով միմյանց կտրամադրեն առավելագույն աջակցություն տեղեկությունների և ապացույցների ձեռքբերման հարցում՝ կիրառելի ազգային օրենսդրության և համապատասխան միջազգային իրավական գործիքների շրջանակում։

Համագործակցության առանցքային ուղղությունների թվում են նաև հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների սառեցումը, կալանքն ու բռնագանձումը։ Կողմերը, իրենց լիազորությունների և գործող իրավական կարգավորումների սահմաններում, կկարողանան համագործակցել նաև համատեղ քննչական խմբերի միջոցով։

Աշխատանքային պայմանավորվածությունը նախատեսում է նաև համատեղ վերապատրաստումներ, սեմինարների, աշխատաժողովների և համաժողովների կազմակերպման հարցում համագործակցություն, ինչպես նաև փոխադարձ տեխնիկական և այլ աջակցություն։

Ստորագրման առիթով Աննա Վարդապետյանը նշել է, որ ֆինանսական հանցագործությունները հաճախ դուրս են գալիս մեկ պետության սահմաններից, իսկ հանցավոր եկամուտների տեղաշարժը կարող է անցնել մի քանի իրավազորություններով։ Նրա խոսքով՝ նման դեպքերի արդյունավետ բացահայտումն ու հանցավոր ակտիվների վերադարձը պահանջում են արագ, համակարգված և վստահելի համագործակցություն իրավապահ մարմինների միջև։ Վարդապետյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը կարևորում է European Public Prosecutor’s Office-ի հետ այս նոր մակարդակի համագործակցության հաստատումը և վստահ է, որ այն գործնական նշանակություն կունենա թե՛ ԵՄ ֆինանսական շահերի պաշտպանության, թե՛ Հայաստանի և Եվրոպական միության համար հետաքրքրություն ներկայացնող ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար։

Laura Codruta Kovesi-ն, իր հերթին, հայտարարել է, որ կողմերը համաձայնեցրել են, թե ինչպես են համագործակցելու խարդախության հետևանքով ԵՄ բյուջեին վնաս հասցրած հանցագործությունների դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ հանցագործները սահմանների առաջ չեն կանգ առնում, և իրավապահ մարմիններն էլ պետք է նույն կերպ հետևողական լինեն՝ գտնելով խարդախությամբ հափշտակված միջոցները՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք թաքցված, և ապահովելով դրանց վերադարձը։

Ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավար, Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ