Bankomat

Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական առաջնահերթությունները

Լուրեր|2026/09/12 16:02
Հայաստանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական առաջնահերթությունները

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Պրահայում խոսել է Երևանի համաժողովի օրակարգի և ակնկալվող արդյունքների մասին։

Հայաստանի փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը Պրահայում, ԵԱՀԿ 32-րդ Տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ նիստի շրջանակում, ներկայացրել է Հայաստանի նախագահության հիմնական մոտեցումները Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստման հարցում։

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ նա իր ելույթում շեշտել է գիտության և դիվանագիտության փոխլրացնող դերը գլոբալ բնապահպանական խնդիրների հաղթահարման գործում։ Նրա խոսքով՝ գիտական տվյալներն ու փորձագիտական գիտելիքը կարևոր նշանակություն ունեն քաղաքականության մշակման և որոշումների ընդունման համար, որոնք ուղղված են կենսաբազմազանության պահպանությանը։ Դրանք նաև հնարավորություն են տալիս ավելի խորությամբ գնահատել առկա և առաջացող ռիսկերը, կանխատեսել դրանք և մշակել արդյունավետ արձագանքման միջոցներ։

Աբիսողոմոնյանը, անդրադառնալով COP17-ի նախապատրաստական գործընթացին, նշել է, որ հայկական նախագահությունն ընտրել է ներառական մոտեցում։ Այդ մոտեցումը նախատեսում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, երիտասարդների, կանանց, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ինչպես նաև մասնավոր հատվածի լիարժեք և բովանդակային մասնակցություն։

Նա ներկայացրել է նաև COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումները, որոնք հոկտեմբերին կանցկացվեն Երևանում։ Դրանց թվում առանձնացվել է առաջնորդների գագաթնաժողովը՝ «Leaders for Nature» խորագրով, որի արդյունքներով ակնկալվում է ընդունել «Երևանյան գործողության կոչ» քաղաքական հռչակագիրը։ Փաստաթուղթը պետք է վերահաստատի կենսաբազմազանության առանցքային դերը կայուն զարգացման, պարենային անվտանգության, կլիմայական դիմակայունության և բարեկեցության ապահովման գործում։

Դիվանագետը կարևորել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ ամփոփ գնահատականը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը հնարավորություն կտա գնահատել արդեն գրանցված առաջընթացը, բացահայտել առկա բացերը և հստակեցնել այն ուղղությունները, որտեղ անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր։

Աբիսողոմոնյանը խոսել է նաև Հայաստանի նախաձեռնությունների մասին, որոնք COP17-ի շրջանակում ուղղված են դրական բնապահպանական խթանների ընդլայնմանը, պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման փորձի փոխանակմանը, նոր տեխնոլոգիաներով կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի զարգացմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Ելույթի ավարտին նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային գործընկերների հետ, որպեսզի Երևանում անցկացվող COP17-ը տա հավակնոտ, հեռանկարային և գործնական արդյունքներ։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ