
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Ֆրանսիական զարգացման գործակալության՝ AFD-ի հետ 250 մլն եվրոյի վարկային գծի տրամադրման համաձայնագիր ստորագրելու առաջարկին։ Նախատեսվում է, որ միջոցները կուղղվեն պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ այս վարկային գիծը կդառնա բյուջետային աջակցության նոր եռամյա ծրագրի առաջին ենթածրագիրը, որը համաֆինանսավորվելու է AFD-ի և Ասիական զարգացման բանկի՝ ԱԶԲ-ի կողմից։ Համաֆինանսավորման շրջանակում ԱԶԲ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել մինչև 250 մլն դոլար։
Ծրագիրը ներառում է բարեփոխումներ պետական ֆինանսների կառավարման, պետական ծախսերի և ներդրումների արդյունավետության բարձրացման, ներքին ռեսուրսների մոբիլիզացման, բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի զարգացման, պետական պարտքի կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղություններով։
AFD-ի վարկը նախատեսվում է տրամադրել մեկ տրանշով՝ 20 տարի ժամկետով և հինգ տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ Մայր գումարի մարումը նախատեսվում է 30 հավասար կիսամյակային վճարումներով։
Հայաստանը կկարողանա ընտրել լողացող կամ ֆիքսված տոկոսադրույք։ Լողացող տոկոսադրույքը կհաշվարկվի վեցամսյա EURIBOR-ի և 2,3 տոկոսային կետի գումարով։ Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ այդ դրույքը կազմել է տարեկան 5,12%։ Ծրագրի առաջին փուլը ներառում է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։
Աղբյուր՝ armbanks.am
