ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ և Հինգերորդ կոմիտեների քննարկումների ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման ֆինանսավորման հարցում։
Երկրորդ կոմիտեում նա ընդգծել է, որ զարգացման ֆինանսավորումը պետք է արտացոլի երկրների խոցելիությունները։ Դեսպանը կարևորել է նաև Միջին եկամուտ ունեցող և Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների խթանումը։
Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող և առաջիկա նախագահող երկիր։ Նրա խոսքով, այս ուղղությամբ անհրաժեշտ են բավարար ռեսուրսներ և կարողություններ, որպեսզի ՄԱԿ-ը կարողանա արդյունավետ իրականացնել իր մանդատները։
Հինգերորդ կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի գործելակերպը՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե անդամավճարներն ամբողջությամբ և ժամանակին վճարելու հարցում։
Նա նաև կարևորել է կանխատեսելի ֆինանսավորումը և թափանցիկ, ապացույցների վրա հիմնված բարեփոխումները, որոնք պետք է ամրապնդեն ՄԱԿ-ի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։

Աղբյուր՝ lurer.com
