Bankomat

Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ

Լուրեր | 2026/07/07 01:00

Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ

Փաշինյան-Միշուստին հանդիպումը և դրա նշանակությունը

Հայաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ մասնակցությամբ և ուզում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, սա Հայաստանի վարչապետի առաջին աշխատանքային այցն է Ռուսաստան, Եկատերինբուրգ քաղաքում Փաշինյանը մասնակցում էր «Иннопром» միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակում էլ հանդիպեցին երկու երկրների կառավարությունների ղեկավարները:

«Ինչպես մինչև ընտրությունները, այնպես էլ ընտրություններից հետո մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այցը Եկատերինբուրգ հաջորդեց վերջին ամիսներին Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների արգելափակման որոշումներին, ինչի հետևանքով բազմաթիվ հայաստանյան ընկերություններ զրկվեցին իրենց արտադրանքը Ռուսաստան ու նաև այդ երկրի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունից:

Գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների ու ծաղկի արտադրությամբ զբաղվող բազմաթիվ հայկական ընկերություններ, որոնք իրենց արտադրանքը արտահանում էին Ռուսաստան, վերջին շրջանում մեծ կորուստներ են կրում:

Պետք է գործեն ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված դրույթները. Փաշինյան

Փաշինյանն այսօր Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպման հրապարակային մասում հատուկ շեշտեց՝ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված դրույթները պետք է գործեն:

«Շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսվում են ԵԱՏՄ համաձայնագրով, դրանք աշխատեն պլանավորված ռեժիմի համաձայն: Կարծում եմ, որ դա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում», - նշեց Հայաստանի վարչապետը:

Միշուստինը իր հրապարակային ելույթում չանդրադարձավ նաև հայկական ապրանքների սահմանափակումներին, փոխարենը հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի հարմարավետ պայմաններ ստեղծել ռուսական ներդրողների համար:

«Սա ձեր առաջինն արտասահմանյան այցն է հունիսի 7 -ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո: Հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում Հայաստանի նոր ձևավորվելիք կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարեդրացիության ոգով՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերի հարգմամբ»:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ