Bankomat

Հայաստան-Լեհաստան ռազմատեխնիկական համաձայնագիրը կմտնի կառավարության նիստ

Լուրեր|2026/09/10 17:01
Հայաստան-Լեհաստան ռազմատեխնիկական համաձայնագիրը կմտնի կառավարության նիստ

Գործադիրը նախատեսում է փաստաթուղթը հավանություն տալ և ուղարկել խորհրդարան՝ վավերացման։

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում նախատեսում է հավանություն տալ Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին և այն ուղարկել Ազգային ժողով՝ վավերացման։ Համապատասխան նախագիծը ներառված է կառավարության օրակարգում։

Որոշման հիմնավորման համաձայն՝ փաստաթղթի վավերացումը պետք է լրացնի երկու երկրների փոխգործակցության օրակարգը և հիմք ստեղծի պաշտպանական գերատեսչությունների ավելի սերտ համագործակցության համար։ Նույն հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագիրը սահմանում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության հիման վրա։

Փաստաթուղթը նաև կարգավորում է ռազմատեխնիկական համագործակցության ուղղություններն ու ձևաչափերը, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ կապված հարցերը։ Համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակված չէ։

Հայաստանի և Լեհաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հիմքերը, ըստ հրապարակման, դրվել են դեռ 2004 թվականից։ Իսկ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարին։

Սեպտեմբերի 7-ից Լեհաստանում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ցուցադրական վարժանքի, եղել Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսում և հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Օգոստոսի վերջին Հայաստանի կառավարությունը նաև որոշել էր, որ հունվարից Լեհաստանում ռազմական կցորդ է ունենալու։ Այդ պաշտոնյայի գործառույթների մեջ ներառվելու են ներկայացուցչական աշխատանքը, երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատումն ու խորացումը, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացումը և համագործակցության ծրագրերի մշտադիտարկումը։

Ավելի վաղ՝ մայիսին, Հայաստանի պաշտպանության նախարարը գտնվել էր Վարշավայում, որտեղ հանդիպել էր իր լեհ պաշտոնակցին և ընդգծել ռազմատեխնիկական համագործակցության գործնական իրականացման կարևորությունը։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ