








Հայաստանում ձևավորվել է «Ծառուկյանի և այլ քաղաքական բանտարկյալների պաշտպանության հասարակական խորհուրդը», որի ստեղծման պատճառներն ու նպատակները ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով՝ կառույցում ընդգրկված են ընդդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ, փաստաբաններ, ինչպես նաև մշակույթի ու արվեստի ոլորտների ներկայացուցիչներ։
Տոնոյանը հայտարարել է, որ երկու ամիս առաջ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանց հիմքերի, իսկ դրան հաջորդած գործընթացները, իր գնահատմամբ, հակասել են թե՛ քաղաքական, թե՛ իրավական տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ձևավորվել է զգալի հանրային աջակցություն, ինչից հետո առաջացել է իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի համակարգված և կառուցվածքային մարմին ստեղծելու գաղափարը։
Նա հիշեցրել է, որ խորհրդի ձևավորումից մեկ օր անց Գագիկ Ծառուկյանը հրապարակել է ուղերձ՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին և կոչ անելով զբաղվել ոչ միայն բոլոր քաղաքական բանտարկյալների, այլև Բաքվում պահվող գերիների իրավունքների պաշտպանությամբ։ Տոնոյանի խոսքով՝ Հայաստանում, որը հռչակել է իրեն ժողովրդավարության հենասյուն, մարդու իրավունքների պաշտպանությունն ինքն է դարձել պաշտպանության կարիք ունեցող ոլորտ։
Տոնոյանը նաև պնդել է, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերում իրավական բաղադրիչը բացակայում է, և տեղի ունեցողը, իր բնորոշմամբ, բացառապես քաղաքական վրեժ է։ Այդ համատեքստում նա հիշատակել է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը։ Նրա պնդմամբ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդումը սկսվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես ինքն է ասել, «Բարգավաճ Հայաստան»-ից գողացել է մոտ 60,000 ձայն։
Խորհրդի անդամ Էլինար Վարդանյանը, իր հերթին, հայտարարել է, որ Ծառուկյանի ազատության սահմանափակումը կատարվել է անմարդկային եղանակով։ «Sputnik Armenia»-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ եթե հարցը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոշումը կլինի Հայաստանի դեմ։ Վարդանյանի խոսքով՝ խուզարկության որոշմամբ տուն եկած անձանց դուռը բացած մարդուն ուժով գետնին են տապալել, ապա բերման ենթարկել և ձերբակալել, մինչդեռ իշխանությունները շարունակաբար, իրենց հրապարակային ելույթներով ու գործողություններով, վնասում են Գագիկ Ծառուկյանի բարի համբավին և արժանապատվությանը։
Նախկին պատգամավորն անդրադարձել է նաև Ծառուկյանի գույքի հետ կապված գործընթացներին՝ նշելով, որ սեփականության իրավունքի շուրջ ընթացող զարգացումները միայն Հայաստանի ներքին խնդիրը չեն, այլ ազդում են նաև երկրի հեղինակության վրա։ Նրա գնահատմամբ՝ նույն մոտեցումը տեսանելի է նաև Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի գործերում, ինչը, ըստ նրա, վկայում է իշխանությունների որդեգրած որոշակի վարքագծի մասին։ Վարդանյանը պնդել է, որ Հայաստանում գործում է ռեպրեսիվ մեխանիզմ, որը շարունակում է թափ հավաքել։
Խորհրդի անդամ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն ասել է, որ այսօր խախտվում են այնպիսի արժեքներ, որոնք տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց բերել են համախմբման։ Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի մեծ է, և լռելն այժմ կնշանակի համաձայնել տեղի ունեցողին ու թույլ տալ նման դեպքերի կրկնությունը։ Թանդիլյանն անընդունելի է համարել նաև այն, որ, իր գնահատմամբ, լռություն է տիրում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է խոսքի ազատությանը և մարդկանց ազատ գործելու իրավունքին։
Նա ընդգծել է, որ իրենց արշավը վերաբերում է նաև Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությանը, որոնց բնութագրել է ոչ միայն որպես քաղաքական բանտարկյալներ, այլև որպես էթնիկ պատկանելության համար հետապնդվող և հայրենիքը պաշտպանելու համար ազատազրկված անձինք։
Քաղաքական գործիչ և խորհրդի անդամ Բագրատ Եսայանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների քաղաքական հետապնդումները կատարվում են սինխրոն եղանակով։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Եվրոպայի իշխող էլիտաները եվրոպական արժեքները զոհաբերել են աշխարհաքաղաքական շահերին։
Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է հուլիսի 6-ին, իսկ հաջորդ օրը կալանավորվել։ Կալանավորման որոշումից անմիջապես հետո Հայաստանի Քննչական կոմիտեն հրապարակել էր նրա ձերբակալության տեսագրությունը։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտնում են նրա առանձնատուն, և յոթ-ութ մարդ ուժով գետնին է տապալում 69-ամյա գործարարին, ապա նրան հեռացնում ձեռնաշղթաներով։
Ծառուկյանին և ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել խարդախությանն օժանդակելու և փողերի լվացմանն օժանդակելու համար։ Առանձին գործ է հարուցվել նաև վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի ենթադրյալ դեպքի առթիվ։ Այդ գործի շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են 190 լցոնած կենդանիներ և թռչուններ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր, որոնք ճանաչվել են իրեղեն ապացույց և փոխանցվել Երևանի կենդանաբանական այգի։
Աղբյուր՝ www.pan.am
