Գևորգ Թորոսյանը նշանակվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որոշման մեջ նշվում է, որ նշանակումը կատարվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով առաջնորդվելով։
Թորոսյանը 2018-2022 թվականներին աշխատել է որպես Համաշխարհային բանկի խորհրդատու՝ կարգավորման ազդեցության գնահատման և ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակման ուղղությամբ։ 2021-2022 թվականներին նա նաև եղել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) խորհրդատու՝ կենտրոնանալով ավիացիոն ոլորտի բարեփոխումների վրա։
2023-2026 թվականներին Թորոսյանը աշխատել է Վաշինգտոնում տեղակայված Integra Government Services International-ում՝ զբաղեցնելով ծրագրերի գնահատման և տնտեսական հետազոտությունների տնօրենի պաշտոնը։ Նա ղեկավարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, ԱՄՆ Աշխատանքի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի կողմից ֆինանսավորվող նախագծեր Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկաների երկրներում։
Այդ ծրագրերի համակցված բյուջեն կազմել է մոտ 35 մլն դոլար։ Սեպտեմբերի 3-ին Միհրան Խաչատրյանը ազատվել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողի պաշտոնից։
Աղբյուր՝ www.pan.am
