
Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալությունը հայտարարել է, որ այս ձմռանը երկրի գազապահեստներում պաշարների հնարավոր անբավարարության վերաբերյալ մտավախությունները չափազանցված են։ Կարգավորիչի ղեկավար Կլաուս Մյուլլերը DPA-ին ասել է, որ ներկայիս պաշարներն արդեն գերազանցում են նախորդ ամբողջ ձմեռային կիսամյակի սպառման ծավալը։
Նրա խոսքով՝ պահեստներում այժմ կա 136 տերավատտ-ժամից մի փոքր ավելի գազ, ինչը կազմում է ընդհանուր տարողության մոտ 55%-ը։ Համեմատության համար՝ նախորդ ամբողջ ձմռանը Գերմանիայում սպառվել էր գրեթե 134 տերավատտ-ժամ գազ։ Մյուլլերը նաև նշել է, որ առաջիկա շաբաթներին դեռ հնարավոր է շարունակել լրացուցիչ ներարկումները պահեստներ։
Կարգավորիչի ղեկավարը որպես լրացուցիչ ռեսուրս առանձնացրել է հեղուկացված բնական գազի՝ LNG-ի ներմուծումը։ Նրա գնահատմամբ՝ LNG տերմինալները ներկայում բեռնված են մոտ 45%-ով և ունեն բավարար ազատ հզորություններ՝ նոր մատակարարումներ ընդունելու համար։
Միաժամանակ Կլաուս Մյուլլերը դեմ է պետական միջամտությանը պահեստների լցավորման հարցում։ Նա ընդգծել է, որ դա թրեյդերների պատասխանատվությունն է, և նրանք կարող են իրենց պարտավորությունները կատարել խողովակաշարերով մատակարարումների, LNG-ի ներմուծման կամ պահեստներից գազի դուրսբերման միջոցով։ Նրա խոսքով՝ պետական միջամտությունն ամեն դեպքում թանկ կարժենա։
Չնայած ներկայիս ցուցանիշներին՝ Գերմանիայի պահեստների լցվածության մակարդակը նախորդ տարիների համեմատ ավելի ցածր է, և հենց դա էլ հիմք է տվել նոր մտավախությունների։ Ավելի վաղ Գազի ստորգետնյա պահեստների օպերատորների ասոցիացիան (INES) նախազգուշացրել էր, որ խիստ ցուրտ ձմռան դեպքում Գերմանիայի գազապահեստները կարող են ամբողջությամբ դատարկվել արդեն 2027 թվականի փետրվարի սկզբին։
Փորձագետների գնահատմամբ՝ նոյեմբերի 1-ին պահեստների լցվածությունը կարող է առավելագույնը հասնել 77%-ի։ Եթե ձմեռը լինի շատ ցուրտ, ինչպես 2010 թվականին, այդ ծավալը կարող է չբավարարել բոլոր սպառողների պահանջարկը և հանգեցնել գազի դեֆիցիտի։
Աղբյուր՝ b24.am
