
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հրապարակել է պարզաբանում՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազության սեպտեմբերի 1-ի հաղորդագրությանը, որտեղ ներկայացվել էր Խաչատրյանից և նրա ընտանիքի անդամներից ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի և ֆինանսական միջոցների ցանկը։
Պաշտպանների գնահատմամբ՝ հրապարակված տեղեկությունները լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, քանի որ ներկայացված ծավալները չեն արտացոլում գույքերի փաստացի քանակն ու պատկանելությունը։ Նրանք առանձնապես անդրադարձել են Խաչատրյանին վերագրվող «193 անշարժ գույքին»։
Փաստաբանական խմբի տվյալներով՝ այդ թվում ներառված են առանձին սեփականության վկայականներ, որոնք չեն նշանակում նույնքան ինքնուրույն օգտագործվող գույք։ Որպես օրինակ նշվում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքը, որտեղ մոտ 90 սեփականության վկայական վերաբերում է մեկ ամբողջական հողատարածքի, որը տարբեր տարիներին ձևավորվել է առանձին հատվածների ձեռքբերմամբ, սակայն հետագայում գրանցման տեսանկյունից չի միավորվել։ Նշվում է, որ այդ տարածքը փաստացի օգտագործվում է որպես մեկ ամբողջություն՝ այգեգործական նպատակով, և այնտեղ հիմնականում կան պտղատու ծառեր։
Պաշտպանները նաև պնդում են, որ ցանկում ներառված մյուս գույքերի մի մասը պատկանում է ոչ միայն Գագիկ Խաչատրյանին կամ նրա ընտանիքի անդամներին, այլև տասնյակ այլ անձանց՝ շուրջ մեկ տասնյակ այլ ընտանիքներից։ Նրանց խոսքով՝ այդ ակտիվները ևս վերագրվում են Խաչատրյանին «փոխկապակցվածության» վարկածի հիման վրա, մինչդեռ իրենք բազմիցս ներկայացրել են իրավական և փաստական հիմնավորումներ, ըստ որոնց՝ այդ գույքերի ձեռքբերումն ու սեփականության իրավունքի ծագումը կապ չունեն Խաչատրյանի հետ։
Պարզաբանման երկրորդ մասը վերաբերում է ոչ գույքային ունեցվածքին, մասնավորապես՝ պարտատոմսերին։ Փաստաբանական խումբը նշում է, որ թյուրըմբռնում է առաջացել Գագիկ Խաչատրյանին վերագրվող 1 ՄԻԼԻԱՐԴ 451 ՄԻԼԻՈՆ դոլարի պարտատոմսերի մասով։ Ըստ նրանց՝ փաստաբանների զանգերից և գրություններից հետո Դատախազության կայքում թիվը ճշգրտվել է «շտկված» նշումով, սակայն ռուսերեն և անգլերեն տարբերակներում դեռ պահպանվել են չճշգրտված տվյալները։
Պաշտպանների պնդմամբ՝ պարտատոմսերի իրական հանրագումարը 1 ՄԻԼԻՈՆ 451 հազար դոլար է, ոչ թե 1 ՄԻԼԻԱՐԴ 451 ՄԻԼԻՈՆ դոլար։
Փաստաբանական խումբը նաև հայտարարում է, որ գործը դեռ քննվում է դատարանում, և քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ, նման հրապարակումները, իրենց գնահատմամբ, խախտում են անմեղության կանխավարկածը։ Նույն հայտարարության մեջ նշվում է նաև, որ 71-ամյա Խաչատրյանը, որն, ըստ պաշտպանների, ունի առողջական ծանր խնդիրներ և երբեք չի փորձել թաքնվել կամ խոչընդոտել քննությանը, շարունակում է մնալ կալանքի տակ։
Աղբյուր՝ hetq.am
