Bankomat

«Ֆիզմաթ դպրոցի ընկերներ» հիմնադրամը հոկտեմբերին միացել է «Մեկ դրամի ուժը» նախաձեռնությանը

Լուրեր|2026/10/13 15:01
«Ֆիզմաթ դպրոցի ընկերներ» հիմնադրամը հոկտեմբերին միացել է «Մեկ դրամի ուժը» նախաձեռնությանը

Հավաքված միջոցները կուղղվեն օլիմպիական կրթության զարգացմանը և մարզերի երեխաների հնարավորությունների ընդլայնմանը։

ԵՐԵՎԱՆ — IDBank-ի և Idram-ի «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբերյան շահառուն «Ֆիզմաթ դպրոցի ընկերներ» բարեգործական հիմնադրամն է։ Այս փուլում հավաքվող միջոցները կուղղվեն «Օլիմպիական շարժում» նախաձեռնությանը։

Ծրագրի նպատակը օլիմպիական խմբակների հետագա աշխատանքին աջակցելն է, ուսուցիչների մասնագիտական զարգացումը խթանելը և դպրոցականների մասնակցության հնարավորություններն ընդլայնելը։ Հիմնադրամում նշում են, որ այդ ձևաչափը նպաստում է երեխաների վերլուծական մտածողության և հետևողականության զարգացմանը։

Idram և IDBank ընկերությունների հաղորդակցության և կայուն զարգացման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նախաձեռնությունը կարևորում է կրթության հասանելիության ընդլայնումը և մարզերում երեխաների ներուժի բացահայտման հնարավորությունների ստեղծումը։ Նրա խոսքով՝ կրթությունն ու մարզերի համաչափ զարգացումը «Մեկ դրամի ուժը» նախաձեռնության առանցքային ուղղություններից են։

Վարդևանյանը նաև հայտնել է, որ ծրագրի շահառու երեխաների համար նախատեսվում է կազմակերպել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ հմտությունների զարգացման համար։

«Ֆիզմաթ դպրոցի ընկերներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սերինե Ավետիսյանի գնահատմամբ՝ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ապագա առաջնորդները ձևավորվում են դեռ դպրոցական տարիներին։ Նրա խոսքով՝ նպատակը այնպիսի կրթական միջավայր ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր երեխա, անկախ բնակության վայրից, կկարողանա բացահայտել և իրացնել իր ներուժը։

Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր վճարումից, որն իրականացվում է Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am հարթակներով, ինչպես նաև Idram և IDBank տերմինալներով, ընկերությունները մեկ դրամ են ուղղում սոցիալական, հանրային և կրթական ծրագրերի իրականացմանը։ Սեպտեմբերին հավաքված 4 648 503 դրամը փոխանցվել էր «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ