
Հայաստանի պետական պարտքը միջնաժամկետ հեռանկարում կպահպանվի ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակում։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պարտքի սպասարկման ծախսերը կմնան բյուջեի եկամուտների շուրջ 11%-ի սահմաններում, իսկ բյուջեի պակասուրդը կկազմի 3.4%։ Նախարարը հիշեցրել է, որ 2026 թվականի համար պակասուրդը ծրագրվել էր 4.5% մակարդակում։
Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ կառավարության պարտավորությունն առաջիկա ժամանակահատվածի համար միջնաժամկետ կտրվածքով պակասուրդը 2%-ից ցածր մակարդակի հասցնելն է։
Խոսելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծի մասին՝ նախարարը ասել է, որ եկամուտները կգերազանցեն 4 տրլն դրամը։ Նրա խոսքով՝ աճ կապահովվի բոլոր ուղղություններով, ինչպես նաև կիրականացվեն կառավարության նախորդ շրջանում ընդունված որոշումները։
Նախարարը շեշտել է, որ 2027 թվականի բյուջեն, ըստ էության, լինելու է կառավարության նոր ծրագրի առաջին բյուջեն և հիմք կդառնա մյուս ծրագրերի արդյունավետ իրականացման համար։ Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5.12 տրլն դրամ կամ 13.9 մլրդ դոլար՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5.30 տրլն դրամի դիմաց։
Հոկտեմբերի 1-ին կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Ըստ նախագծի՝ 2027 թվականին համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3.8 տրլն դրամ, ծախսերը՝ 4.2 տրլն դրամ, իսկ պակասուրդը՝ 468.2 մլրդ դրամ, տնտեսական աճի կանխատեսումը՝ 5.8%։
Աղբյուր՝ armbanks.am
