
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը սեպտեմբերի 9-ի նիստում փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում, ինչպես նաև այն ենթակարանտինային արտադրանքի ցանկում, որը ենթակա է կարանտինային բուսասանիտարական վերահսկողության ԵԱՏՄ մաքսային սահմանին և մաքսային տարածքում։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, միասնական պահանջներից հանվել են թարմ կամ սառեցված լոլիկի, պղպեղի և սմբուկի նկատմամբ գործող պահանջները՝ Pepino mosaic virus-ի բացակայության մասով։ Միևնույն ժամանակ պահպանվել են հատուկ կարանտինային բուսասանիտարական պահանջները, որոնք վերաբերում են PepMV-ի բացակայությանը զգայուն մշակաբույսերի սերմնային և տնկանյութում։
ԵՏՀ խորհրդի ընդունած որոշման նպատակն է նվազեցնել վարչարարական բեռը տնտեսական գործունեության մասնակիցների համար և բարելավել նշված բանջարեղենի արտադրության ու առևտրի պայմանները։
Փոփոխություն է կատարվել նաև ենթակարանտինային արտադրանքի ցանկի ծանոթագրությունում։ Այժմ ԵԱՏՄ թույլատրվում է ներմուծել և (կամ) մի անդամ պետության տարածքից մյուսի տարածք տեղափոխել փայտյա փաթեթավորման և ամրակապման նյութեր, եթե դրանց վրա առկա է միասնական պահանջներին համապատասխան անհրաժեշտ մակնշում։
Այդ մակնշումը պետք է համապատասխանի այն ձևերից մեկին, որը հաստատում է նյութերի մշակումը՝ փայտի ամբողջ հաստությամբ տաքացմամբ կամ ֆումիգացիայով, և դրա դեպքում բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվի։ Այսինքն՝ մակնշման առկայությունը փոխարինում է հավաստագրի ձևակերպմանը, քանի որ այն վկայում է միջազգային մակարդակով ճանաչված բուսասանիտարական միջոցների կիրառման մասին։
Ընդունված որոշումները ուժի մեջ կմտնեն դրանց պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց։
Աղբյուր՝ finport.am
