
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հոկտեմբերին նախատեսում է քննարկել Հայաստանի դիմումը՝ կապված հայկական ծագման ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս հարցով որոշում ընդունելու համար անհրաժեշտ կլինի կոնսենսուս։
Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ԵՏՀ-ին դիմել է՝ խնդրելով Եվրասիական տնտեսական միության ներսում հայկական ծագման ապրանքների տեղաշարժի գործող սահմանափակումները ճանաչել որպես խոչընդոտ։ Հանրային դաշտում սա առաջին դեպքն է, երբ նման դիմումի մասին պաշտոնապես հայտարարվել է։
Պապոյանը պարզաբանել է, որ ԵՏՀ-ում որոշ հարցեր կարող են լուծվել, օրինակ, ութ կողմ ձայնով և երկու դեմ ձայնով, սակայն այս դեպքում պահանջվում է բոլոր կողմերի համաձայնությունը։ Եթե թեկուզ մեկ երկիր առարկի կամ վետո կիրառի, որոշումը չի ընդունվի։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան բաղկացած է 10 անդամից՝ յուրաքանչյուր անդամ պետությունից երկու ներկայացուցիչ։ Կոլեգիան ղեկավարում է Ղազախստանի նախկին վարչապետ Բակիտժան Սագինտաևը։ Հայաստանը ներկայացնում են Գոհար Բարսեղյանը և էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Սա նշանակում է, որ որոշման ընդունման համար անհրաժեշտ կլինի նաև Ռուսաստանի համաձայնությունը՝ այն երկրի, որը սահմանափակումներ է կիրառել։
Նախարարի խոսքով՝ վերջին ամիսներին ԵՏՀ են ներկայացվել նաև այլ դիմումներ, և դրանցից մեկով որոշում արդեն ընդունվել է վերջին օրերին։ Նրա խոսքով՝ մի գործով, որը վերաբերում էր ոչ թե սահմանափակումներին, այլ հավաստագրերին, ԵԱՏՄ հանձնաժողովը Ռուսաստանի գործողություններից մեկը խոչընդոտ է ճանաչել ութ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ։ Սակայն այդ որոշումը վերջնական չէ, քանի որ վերջնական խոսքը վարչապետներինն է։
Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները սկսել էր կիրառել հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Տուժած ապրանքների ցանկը հետագայում պարբերաբար ընդլայնվել է։ Թեև ամիսներ առաջ հայ պաշտոնյաները վստահ էին, որ խնդիրը կլուծվի, իրավիճակը չի փոխվել նաև սեպտեմբերի սկզբին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։
Աղբյուր՝ www.pan.am
