
AVA Holding-ը սեպտեմբերի 10-ին հայտարարել է Երևանում AVA Residences բնակելի համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։ Նախագիծը իրականացվում է ELIE SAAB Maison-ի հետ համագործակցությամբ և ներկայացվում է որպես Հայաստանում առաջին ինտերիեր-բրենդավորված բնակելի համալիրը։
Ընկերության հաղորդմամբ՝ նախագիծը նաև նշանավորում է ELIE SAAB Maison-ի մուտքը Հայաստան։ Բրենդը, որը ELIE SAAB-ի տան և ինտերիերի առանձին ուղղությունն է, Երևանում առաջին անգամ ներկայացնում է իր ապրելաոճի և ինտերիերի տեսլականը։
AVA Holding-ը նշում է, որ նախագիծը ձևավորվել է՝ արձագանքելով Երևանում պրեմիում և բրենդավորված բնակելի նախագծերի նկատմամբ աճող հետաքրքրությանը։ Ընկերությունը դա կապում է անշարժ գույքի շուկայի զարգացման, ինչպես նաև տեղական և միջազգային գնորդների պահանջարկի աճի հետ։
Բնակելի համալիրը կառուցվում է Դերենիկ Դեմիրճյան 2–4 հասցեում՝ Երևանի կենտրոնական հատվածում։ Ըստ ներկայացված տեղեկության՝ նախագծի ամբողջ հայեցակարգը՝ արտաքին ճարտարապետությունից և ինտերիերից մինչև պլանավորումն ու դետալները, մշակվել է մեկ միասնական մոտեցմամբ՝ հատուկ AVA Residences Interiors by ELIE SAAB Maison-ի համար։
AVA Holding-ի հիմնադիր Էդուարդ Ղազարյանի խոսքով՝ ընկերությունը նպատակ ունի ձևավորել Երևանի սրտում ապրելու նոր չափանիշ։ Նրա գնահատմամբ՝ նախագիծը ստեղծվել է հենց Երևանի համար՝ հաշվի առնելով քաղաքի ճարտարապետական և մշակութային ինքնությունը, և չպետք է ընկալվի որպես պարզապես ներմուծված միջազգային կոնցեպտ։
Նախագծի առանցքային առանձնահատկություններից է ELIE SAAB Maison-ի հետ համագործակցությունը։ Նշվում է, որ Կառլո Կոլոմբոյի և Էլի Սաաբի գեղարվեստական համատեղ ղեկավարությամբ ստեղծված կահույքն արտադրվում է Իտալիայում և առանձնանում է վարպետությամբ, որակով ու դետալների նկատմամբ ուշադրությամբ։
ELIE SAAB Maison-ի գործադիր տնօրեն Մասիմիլիանո Ֆերրարին ասել է, որ այս նախագծի դեպքում բրենդի դիզայներական մոտեցումը երկխոսության մեջ է Երևանի լույսի, պատմության և մանրամասների հետ։ Նրա խոսքով՝ AVA Holding-ի հետ համագործակցությամբ ստեղծվում է ինտերիերի լուծում, որը ELIE SAAB Maison-ի ապրելաոճը բերում է Հայաստան՝ հատուկ այս հասցեի համար մշակված ձևով։
Շինարարության պաշտոնական մեկնարկով նախագիծը անցնում է գործնական փուլ։ Ընկերության գնահատմամբ՝ դիզայնի առանձնահատկություններն ու ELIE SAAB Maison-ի հետ բացառիկ համագործակցությունը կարող են այն դարձնել Երևանի նոր պրեմիում հասցեներից մեկը և նկատելի հավելում Հայաստանի անշարժ գույքի շուկայում։
AVA Holding-ը հավելում է, որ առաջիկա ամիսներին կներկայացվեն նախագծի ճարտարապետական գաղափարի, ինտերիերի, բնակելի և կոմերցիոն տարածքների, ինչպես նաև նախատեսվող ապրելաոճային միջավայրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ։
Աղբյուր՝ b24.am
