Երևանի մետրոպոլիտենի ժամանակավոր գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը ընդունել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի և Թեհրանի փոխքաղաքապետ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Քննարկման առանցքում եղել են ոլորտի ընթացիկ ծրագրերն ու գործնական համագործակցության հնարավոր ձևաչափերը։
Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի ստեղծման և զարգացման պատմությունը, տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ճյուղում իրականացվող ծրագրերը։
Պատվիրակությունը հայտնել է, որ պատրաստ է տրամադրել իր փորձն ու ծառայությունները տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ թունելաշինության, վագոնների արտադրության և մետրոպոլիտենի ենթակառուցվածքներին առնչվող այլ ոլորտներում։
Բաբկեն Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը և առաջիկա զարգացման նախագծերը։
Աղբյուր՝ www.pan.am
