Bankomat

ԵՆԲ-ն կաջակցի Հայաստանում ճանապարհային անվտանգության ծրագրի նախապատրաստմանը

Լուրեր|2026/09/12 16:01
ԵՆԲ-ն կաջակցի Հայաստանում ճանապարհային անվտանգության ծրագրի նախապատրաստմանը

Կառավարությունը հավանություն է տվել ԵՆԲ-ի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրմանը։

Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի Հայաստանին ճանապարհային անվտանգության և թվայնացման ծրագրի նախապատրաստման գործում։ Սեպտեմբերի 11-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել այդ մասին համաձայնագրի ստորագրմանը Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականին անցկացված քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության են եկել Հայաստանում ճանապարհային անվտանգության և թվայնացման ծրագրի մշակման, ինչպես նաև ճանապարհային ցանցի անվտանգության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության շուրջ։

Համաձայնագրով նախատեսվում է, որ ԵՆԲ-ն տեխնիկական աջակցության շրջանակում կկազմակերպի խորհրդատվական ծառայությունների գնման գործընթացը և կկնքի համապատասխան խորհրդատվական պայմանագիրը՝ ճանապարհային անվտանգության և թվայնացման նախագծի իրականացմանն աջակցելու համար։

Խորհրդատուի ծառայությունները միտված կլինեն ճանապարհային անվտանգության կառավարման բարելավմանը, ճանապարհային անվտանգության աուդիտի համակարգերի մշակմանը և վթարավտանգ հատվածների կառավարման մեխանիզմների ստեղծմանը։

Խորհրդատվական աջակցությունը կներառի նաև նախագծի մշակման տեխնիկական գործընթացի վերաբերյալ ընդհանուր առաջարկություններ, ֆինանսավորման ներգրավման աջակցություն, խորհրդատվական ծառայությունների գնման և պայմանագրերի կառավարման գործընթացներում աջակցություն, ընտրված խորհրդատուների ներկայացրած փաստաթղթերի և հաշվետվությունների դիտարկում ու դրանց վերաբերյալ մեկնաբանությունների տրամադրում, ինչպես նաև նախագծի նախապատրաստման առանձին ուղղությունների մեթոդական ուղեցույցների մշակում։

Կառավարության հիմնավորմամբ՝ այս համաձայնագիրը Հայաստանի համար գույքային կամ ֆինանսական պարտավորություններ չի ստեղծում, քանի որ խորհրդատվական ծառայությունների տրամադրման պայմանագիրը կնքելու է ԵՆԲ-ն, իսկ դրանով նախատեսված վճարումները կատարելու է հենց բանկը։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ