Եվրոպական միությունը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում՝ COP17-ում, պատրաստվում է կոչ անել արագացնել բնության պահպանության միջազգային պարտավորությունների իրականացումը և ավելացնել պետական ու մասնավոր ֆինանսավորումը։ Այդ մասին, ըստ Factor.am-ի, բխում է ԵՄ միջավայրի հարցերով խորհրդի ընդունած դիրքորոշումից։
Հոկտեմբերի 12-ին ԵՄ միջավայրի հարցերով խորհուրդը հաստատել է իր հիմնական բանակցային մոտեցումները ինչպես COP17-ի, այնպես էլ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովի համար։ ԵՄ-ն մտադիր է COP17-ում պնդել, որ կենսաբազմազանության պաշտպանության շուրջ արդեն համաձայնեցված հավակնությունների մակարդակը չպետք է նվազեցվի։
Եվրամիության խորհրդում նախագահող երկրի՝ Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետնախարար Christopher O’Sullivan-ի խոսքով՝ բազմակողմ համագործակցությունն ու բնության պահպանումը հիմա լուրջ փորձության առաջ են, սակայն ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ COP17-ում դրական արդյունքների հասնելուն։ Նա ընդգծել է, որ Global Biodiversity Framework-ով ամրագրված հավակնությունների մակարդակը չի կարող հետ նահանջել։
ԵՄ-ի հաստատած մոտեցմամբ՝ բնապահպանական քաղաքականությունը պետք է դառնա տարբեր ոլորտների կանոնակարգերի և որոշումների անբաժանելի մաս, իսկ այդ որոշումները պետք է հիմնված լինեն գիտականորեն հիմնավոր և վստահելի տվյալների վրա։ Բրյուսելը նաև պատրաստվում է միջազգային գործընկերներին կոչ անել ավելի արագ և համակարգված քայլերի՝ գործընթացում ներգրավելով ինչպես տնտեսության բոլոր ճյուղերը, այնպես էլ հասարակության տարբեր խմբերը։
ԵՄ խորհուրդը կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը բնորոշել է որպես միմյանց հետ անմիջականորեն կապված երկու ճգնաժամ։ Այս համատեքստում այն առանձնացրել է Փարիզի համաձայնագրով և Global Biodiversity Framework-ով ստանձնած պարտավորությունների արագ իրականացումը։ Իսկ նոյեմբերի 9-20-ը Թուրքիայի Անթալիայում նախատեսված COP31-ում Եվրամիությունը պատրաստվում է առաջ մղել ազգային կլիմայական ծրագրերի արդյունավետ իրականացումը, հանածո վառելիքից փուլային հրաժարումը և մաքուր էներգետիկ համակարգերի անցման արագացումը։
Աղբյուր՝ www.pan.am
