Եվրամիությունը մերժում է ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման ցանկացած հնարավոր արգելք՝ հայտարարելով, որ այդ քայլը կխաթարի ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը որպես հուսալի գործընկերոջ։ Այդ մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կայսա Իտկոնենը։
«Մենք լիովին մերժում ենք դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Այդ արգելքը կխաթարի ԱՄՆ-ի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությունը և շահավետ չի լինի ոչ մեկի համար»,- նրա խոսքը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իտկոնենը նաև հաստատել է, որ Եվրոպական հանձնաժողովը Էներգետիկայի միջազգային գործակալության և G7-ի հետ համադրում է Եվրոպայի ռազմավարական պաշարներից դիզելային վառելիքի օգտագործման ծրագիրը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է դիզելի արտահանման արգելքի հնարավորությունը՝ համաշխարհային շուկայում այդ վառելիքի պակասի ֆոնին։
ԱՄՆ-ը դիզելային վառելիքի խոշոր համաշխարհային մատակարար է և օրական արտահանում է 1,2-1,5 միլիոն բարել։ Փորձագետները նախազգուշացնում են, որ արտաքին մատակարարումների սահմանափակումը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել այլ երկրների գների վրա։

Աղբյուր՝ tert.am
