
Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նավթի գների կտրուկ աճը առայժմ չի փոխանցվել եվրագոտու աշխատավարձերին և այլ ապրանքների գներին։ Այդ մասին Հելսինկիում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի ԿԲ-ի ղեկավար, Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի անդամ Օլի Ռենը։
Նրա խոսքով՝ նման ազդեցությունները կարող են ի հայտ գալ աստիճանաբար և սկզբում աննկատ մնալ։ Ռենը զգուշացրել է, որ որքան երկար շարունակվի հակամարտությունը Մերձավոր Արևելքում, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ էներգակիրների թանկացումը ավելի լայն ազդեցություն կունենա գնաճի վրա։
Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵԿԲ-ն գնաճի արագացման պայմաններում երկու անգամ բարձրացրել է փոխառությունների արժեքը, վերջին անգամ՝ սեպտեմբերին։ Եվրագոտում ավանդների համար առանցքային տոկոսադրույքը այժմ 2.5% է, իսկ կարգավորիչի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։
Տնտեսագետների մեծ մասը սպասում է, որ հոկտեմբերին տոկոսադրույքները չեն փոխվի, սակայն դեկտեմբերին՝ նոր մակրոտնտեսական կանխատեսումների հրապարակումից հետո, հնարավոր է ևս 25 բազիսային կետով բարձրացում։
Ռենի գնահատմամբ՝ եվրագոտու տնտեսությունը շարունակում է կայունություն ցուցաբերել, թեև աճը մնում է չափավոր։ Նա նշել է, որ բարձր պահանջարկը ընկերություններին հնարավորություն է տալիս ծախսերի մի մասը փոխանցել սպառողներին, սակայն երկարաժամկետ տոկոսադրույքների աճը զսպում է տնտեսական ակտիվությունը և սահմանափակում էներգակիրների թանկացման ազդեցությունը այլ ապրանքների ու աշխատավարձերի վրա։
Աղբյուր՝ b24.am
