Bankomat

ԵԱՏՄ դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեն հավանություն է տվել մի շարք նորմատիվ ակտերի

Լուրեր | 2026/07/21 02:01

ԵԱՏՄ դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեն հավանություն է տվել մի շարք նորմատիվ ակտերի

ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների կարգավորման նոր մոտեցումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի նիստում, որը նախագահել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը, հավանություն է տվել մի շարք նորմատիվ ակտերի նախագծերի և դրանք առաջարկել է ներկայացնել Հանձնաժողովի Կոլեգիայի քննարկմանը:

Առաջին անգամ հանձնարարականի ձևաչափով մշակված արտադրական միջավայրի մանրէաբանական մոնիթորինգի կազմակերպման և իրականացման ուղեցույցի նախագիծը, որը նախատեսված է ստերիլ և ոչ ստերիլ դեղամիջոցներ արտադրողների համար, կապահովի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում այս ոլորտում կիրառվող մոտեցումների ներդաշնակեցումը:

Բացի այդ, հավանության են արժանացել ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների կենսահամարժեքության (բիոէկվիվալենտության) ուսումնասիրությունների անցկացման կանոններում նախատեսվող փոփոխությունները, որոնք թույլ են տալիս գելերի, քսուքների և տեղային կիրառման այլ դեղաձևերի կենսահամարժեքության գնահատման համար օգտագործել մոդելային համակարգեր (արհեստական թաղանթներ):

Սա հնարավորություն կտա փոխարինել դոնորական մաշկի կիրառմամբ իրականացվող թանկարժեք և բարդ հետազոտությունները ժամանակակից այլընտրանքային տեխնոլոգիական մեթոդով:

Կոմիտեի կողմից հավանության արժանացած մեկ այլ նախագիծ նախատեսում է փոփոխություններ բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում: Այն սահմանում է միասնական մոտեցում՝ դիմումների ձևերում և գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրում դեղամիջոցի բաղադրության մեջ մտնող ակտիվ նյութերի անվանումների (Միջազգային չպաշտպանված անվանում (ՄՉԱ), ընդհանուր ընդունված, խմբային կամ քիմիական անվանում) նշման վերաբերյալ:

Ալեքսանդր Սուբոտինը շնորհակալություն է հայտնել Միության անդամ պետությունների փորձագետներին փաստաթղթերի մանրակրկիտ մշակման և պատշաճ նախապատրաստման համար, ինչը հնարավորություն է տվել քննարկվող հարցերի շուրջ հասնել համաձայնության:

Նշված նախագծերը նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստերում ընթացիկ տարվա օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ