Bankomat

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ մոբիլիզացվել է 258 մլն եվրո

Լուրեր|2026/09/24 09:01
«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ մոբիլիզացվել է 258 մլն եվրո

Ֆինանսավորումն ուղղվում է Սյունիքի ենթակառուցվածքներին, բիզնեսին, կրթությանը և սոցիալական ծառայություններին։

Սյունիքում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում արդեն մոբիլիզացվել է 258 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը ներդրվում է ենթակառուցվածքների, բիզնեսի և հմտությունների զարգացման, կրթության և սոցիալական ծառայությունների, ինչպես նաև բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման ուղղություններով՝ մարզի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար։

Թիմ Եվրոպայի այցի երկրորդ օրը մարզում անցկացվել է կլոր սեղան քննարկում՝ գործընկերների, համայնքների ղեկավարների և մարզային իշխանությունների մասնակցությամբ։ Քննարկման նպատակը եղել է ամփոփել նախաձեռնության շրջանակում արձանագրված առաջընթացը և հստակեցնել այն կարիքները, որոնք պետք է ձևավորեն հետագա համատեղ աշխատանքը։

Սեպտեմբերի 23-ին նախաձեռնության գործընկերները տեղում ծանոթացել են նաև արդեն իրականացված աջակցության արդյունքներին։ Նրանք հանդիպել են Կապանում գործող տեղական կաթնամթերք արտադրող ընկերության ներկայացուցիչներին, դիտարկել են, թե ինչպես են ներդրումները նպաստել Լեհվազում խմելու ջրի հասանելիության բարելավմանը, ինչպես նաև այցելել են «Մեղրի ֆրութս» ընկերություն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մեղրի ֆրութս»-ում Թիմ Եվրոպայի աջակցությունը նպաստել է արտադրության ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման նոր շուկաներ մուտք գործելուն։

Նախաձեռնությունը միավորում է տարբեր ուղղություններով աջակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել Սյունիքի դիմակայունությունը և ամրապնդել մարզի զարգացման հիմքերը երկարաժամկետ հեռանկարում։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ