
ԵՐԵՎԱՆ — Cube Invest ներդրումային ընկերությունը դարձել է Հայաստանում առաջին ներդրումային ընկերությունը, որը տեղական շուկայում սեփական պարտատոմսերի թողարկում է իրականացնում։ Այդ մասին Երևանում անցկացված «Investment Perspectives 2026» համաժողովում հայտարարել է Cube Invest-ի գլխավոր տնօրեն Միկայել Մարգարյանը։
Նրա խոսքով՝ ընկերությունն սկսել է ընդհանուր 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը և ակնկալում է, որ թողարկումը կարող է ամբողջությամբ սպառվել արդեն օրվա ընթացքում։ Մարգարյանը նշել է, որ իր տեղեկություններով՝ չտեղաբաշխված ծավալը շատ փոքր է մնացել, և դա գնահատել է որպես գործընկերների, ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրողների վստահության նշան։
Թողարկված պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ։
Միկայել Մարգարյանի ներկայացմամբ՝ առաջին վեց ամիսների ընթացքում պարտատոմսերի եկամտաբերությունը կկազմի տարեկան 10.5%։ Հետագա կուպոնային ժամանակահատվածներում տոկոսադրույքը կլինի լողացող և կհաշվարկվի Հայաստանի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման դրույքին ավելացված 4 տոկոսային կետի հիման վրա։
Անդրադառնալով թողարկման ծավալին՝ Cube Invest-ի գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերությունը կողմնորոշվել է իր ֆինանսական ցուցանիշներով և ֆինանսավորման կարիքներով։
Ներգրավված միջոցները Cube Invest-ը նախատեսում է ուղղել, մասնավորապես, իրացվելիության բարձրացմանը, նոր պրոդուկտների մշակմանն ու շուկա դուրսբերմանը, ինչպես նաև տեխնիկական և IT լուծումների զարգացմանը։
Մարգարյանի խոսքով՝ այս քայլերով ընկերությունը ցանկանում է ընդլայնել ներդրողների հնարավորությունները և նպաստել Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացմանը։
Աղբյուր՝ armbanks.am
