Bankomat

Բյուրականի «Չրի տուն»-ը փոքր արտադրամասից դարձել է կոոպերատիվ ու հյուրընկալության կենտրոն

Լուրեր|2026/09/24 10:02
Բյուրականի «Չրի տուն»-ը փոքր արտադրամասից դարձել է կոոպերատիվ ու հյուրընկալության կենտրոն

Ծովիկ Օհանյանը 2015-ից զարգացնում է ընտանեկան բիզնես, որը միավորում է տեղացի կանանց, գյուղացիական մթերքը և գյուղական տուրիզմը։

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գործող «Chir’s house/Չրի տուն»-ը սկսվել է որպես փոքր ընտանեկան չրի արտադրամաս, իսկ տարիների ընթացքում վերածվել է գյուղատնտեսական կոոպերատիվի և հյուրընկալության տարածքի։ Նախագծի հիմնադիր Ծովիկ Օհանյանն ասում է, որ բիզնեսի կայացման մեջ մեծ դեր են ունեցել իր ամուսինն ու երեք երեխաները, որոնց աջակցությամբ նախկին աղբավայրը դարձել է արտադրամաս, ջերմոց և այգի։

Ծովիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովիկ Օհանյանը մասնագիտությամբ տեխնիկ-էլեկտրիկ է և 1985-1993 թվականներին աշխատել է «Սիրիուս» գործարանում որպես տեխնոլոգ։ Նրա խոսքով՝ 2015 թվականին չրի արտադրամաս հիմնելու գաղափարը ծնվեց գյուղում մրգի իրացման խնդրից. փոքր տնտեսությունները հաճախ չէին կարողանում շուկա հասցնել 10, 100 կամ 200 կգ բերքը։ Ընտանիքը որոշել է չրի արտադրամաս ստեղծել, որպեսզի մթերեն ոչ միայն իրենց, այլև հարակից գյուղերի փոքր տնտեսությունների միրգը։

Լուսանկարը` Մեդիամաքս

2016 թվականին ընտանեկան գործը վերածվել է «Բյուր-Ակն» գյուղատնտեսական կոոպերատիվի։ Օհանյանի խոսքով՝ այդ ձևաչափը հնարավորություն տվեց համախմբել գյուղի այլ կանանց, ներդրում անել և ավելի կայուն շարունակել աշխատանքը։ Կոոպերատիվն ունի 5 հիմնադիր անդամ, որոնցից միայն մեկն է տղամարդ, իսկ հետո միացել են նաև այլ անդամներ, որոնք իրենց այգիների միրգը իրացնում են արտադրամասի միջոցով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտադրամասը տարբերվում է նաև տեխնոլոգիական լուծմամբ. չրի պատրաստման համար այստեղ օգտագործվում են օբսիդիան քարեր, որոնք ապահովում են ջերմություն և նպաստում օդափոխությանը։ Ծովիկ Օհանյանի խոսքով՝ արտադրամասի նախագծի հեղինակը իր կրտսեր դուստրն է։ Չիրը պատրաստվում է երկու եղանակով՝ ծծումբային մշակումով և բնական տարբերակով՝ լվացում, մաքրում ու չորացում։ Չորացման համար կիրառվում են ինչպես արևային, այնպես էլ էլեկտրական տարբերակներ։ Սովորաբար ընդունում են 1-ից մինչև 100 կգ միրգ, բայց հիմնադիրն ընդգծում է, որ որակյալ արտադրանքի հիմքում լավ որակի հումքն է։

Ծովիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բիզնեսի ճանապարհին եղել են նաև կորուստներ, այդ թվում՝ փչացած սալորի մեծ ծավալներ, սակայն Օհանյանը դա համարում է սովորելու մաս։ Նրա խոսքով՝ ձեռնարկատիրությունը միայն հաշվարկ չէ. «Չրի տան» առաջին իսկ օրերից ամեն տարի մոտ 300-400 կգ չիր նվիրում են, և այդ քայլը հետ է գալիս լավ խոսքի, նոր հաճախորդների ու հյուրերի տեսքով։

Ժամանակի ընթացքում արտադրամասի կողքին ձևավորվել է նաև հյուրընկալության հատվածը։ Բյուրական եկող զբոսաշրջիկները, որոնք այցելում էին Աստղադիտարան, Հերունու կայան, Ամբերդ և Արագած, սկսել էին հետաքրքրվել նաև գյուղի ներսում այցելության վայրերով։ Սկզբում հյուրերին ընդունում էին շատ համեստ պայմաններում, սակայն հետագայում ստեղծվել են առաջին տաղավարն ու ավելի հարմար միջավայր։ 2018 թվականի մայիսի 18-19-ին կազմակերպված ինֆո-տուրից հետո տարածքը ստացել է Chir’s House անունը, որը այցելուները հայերենում սկսել են կոչել «Չրի տուն»։

Ծովիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գործունեության աշխարհագրությունն էլ է ընդլայնվել. տարիների ընթացքում այստեղ սկսել են միրգ ընդունել Հայաստանի տարբեր շրջաններից։ «Չրի տուն»-ը նաև միացել է հայկական օրգանական ծրագրին և մրցույթով շահել օրգանական ելակի ջերմոցի ծրագիր, որն իրականացվում է արդեն 8 տարի։ Դրան ավելացել են օրգանական ելակի չրի արտադրությունը, կախասնկի արտադրությունը և օրգանական ստանդարտներով մեղվապահությունը։ Ըստ հիմնադրի՝ ամբողջ տարածքը պահվում է առանց թունաքիմիկատների։

Ծովիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր «Չրի տան» արտադրանքն ընդգրկում է փաթեթավորված չրեր, քաղցր սուջուխ, թեյեր և կախասունկ։ Արտադրանքը ներկայացված է Հայաստանի որոշ սուպերմարկետներում, իսկ վաճառքը կատարվում է նաև տեղում և առցանց։ Ծովիկ Օհանյանը նշում է, որ իրենց տարածքի միայն ելակից են չիր պատրաստում, իսկ մյուս մրգերը նախատեսված են հյուրասիրության համար։ Այցելուներին մշտապես առաջարկվում են չիր և «Երազանքի սուջուխ» կոչվող հյուրասիրությունը։

Հիմնադիրն ասում է, որ բիզնեսի հաջողության կարևոր բաղադրիչներից մեկն ընտանիքի աջակցությունն է, հատկապես ամուսնու մասնակցությունը առօրյա գործերին։ Իր իսկ խոսքով՝ ամենից շատ սիրում է մարդկանց ընդունել ու պատմել տարածքի, ծառերի և այգու մասին։ Նրա համոզմամբ՝ հենց անձնական պատմությունն ու մարդկային շփումն են մարդկանց բերում «Չրի տուն»։

Ծովիկ Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծովիկ Օհանյանը նաև կանանց կոչ է անում հավատալ իրենց ուժերին և շարունակել սովորել՝ անկախ տարիքից։ Նրա խոսքով՝ բիզնեսի սկզբում ինքնավստահությունը միշտ բավարար չի լինում, բայց փորձի հետ ավելի հեշտ է դառնում գնահատել ռիսկերը, տարբերել ուժեղ և թույլ կողմերը և պահպանել գործը։ «Ես ամեն օր եմ սովորում»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ