Warren Buffett-ի 2016 թվականի խոշոր գնումներից մեկը, որը տարիներ շարունակ համարվում էր խնդրահարույց, այժմ կրկին ուշադրության կենտրոնում է։ Խոսքը Berkshire Hathaway-ի կողմից $37.2 մլրդ-ով գնված Precision Castparts-ի մասին է, որի արժեքի շուրջ շուկան նոր հաշվարկներ է անում GE Aerospace-ի վերջին գործարքից հետո։
Վեց տարի առաջ Berkshire Hathaway-ը այս ակտիվի մասով կատարել էր $11 մլրդ արժեզրկում, իսկ Buffett-ը բաժնետերերին ուղղված իր նամակում ընդունել էր, որ ընկերության համար «չափազանց շատ» է վճարել։ Նրա գնահատմամբ՝ Precision Castparts-ը բարձրորակ բիզնես էր, սակայն շահութաբերության ներուժի վերաբերյալ սպասումները չափազանց լավատեսական էին, հատկապես երբ Covid համավարակի շրջանում կտրուկ անկում ապրեց ավիատիեզերական ոլորտը՝ ընկերության հիմնական հաճախորդների շուկան։
Միևնույն ժամանակ Buffett-ը դեռ գործարքի հրապարակման պահին էլ նշել էր, որ գինը Berkshire-ի համար շատ բարձր բազմապատիկով է, բայց վստահություն ուներ ինչպես ընկերության ղեկավար Mark Donegan-ի, այնպես էլ բիզնեսի երկարաժամկետ հեռանկարների նկատմամբ։
Այժմ այդ վստահությունը, ըստ երևույթին, արդարանում է։ Reuters-ի փոխանցմամբ՝ Precision Castparts-ի արտադրած բարդ մետաղական բաղադրիչների պակաս կա շուկայում։ Դրանք կարևոր են օդանավերի շարժիչների տուրբինային թիակների համար և օգտագործվում են նաև բնական գազով աշխատող տուրբիններում, որոնց պահանջարկը մեծանում է արհեստական բանականության տվյալների կենտրոնների էներգամատակարարման համար։
Այս շաբաթ GE Aerospace-ը հայտարարեց, որ $11.75 մլրդ-ով կգնի Consolidated Precision Products-ը, որը Precision Castparts-ի սակավաթիվ մրցակիցներից է։ Barron's-ը այս գործարքն անվանել է թանկ՝ այն գնահատելով 2027 թվականի կանխատեսվող EBITDA-ի 26-ապատիկով։ Նույն բազմապատիկը կիրառելով՝ պարբերականը հաշվարկել է, որ Precision Castparts-ի արժեքը կարող է կազմել մոտ $100 մլրդ։
Այդ գնահատականը զգալիորեն բարձր է Barron's-ի նախորդ՝ $60 մլրդ-ից $75 մլրդ միջակայքով գնահատումից և գրեթե երեք անգամ գերազանցում է 2016 թվականի գնման գինը։ Պարբերականի գնահատմամբ՝ Precision Castparts-ը հավանաբար դարձել է Berkshire Hathaway-ի առավել արժեքավոր ստորաբաժանումներից մեկը։
Միևնույն ժամանակ Barron's-ի Andrew Bary-ն նշում է, որ Berkshire-ը և նրա բաժնետոմսերի գինը դեռ բավարար չափով չեն արտացոլում դուստր ընկերության աճող արժեքը։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը այն է, որ Greg Abel-ը, ինչպես նախկինում Buffett-ը, չի անցկացնում վերլուծաբանների հետ զանգեր կամ ներդրողների միջոցառումներ, որոնք կարող էին ավելի տեսանելի դարձնել ստորաբաժանման արդյունքները։
Շուկայի դինամիկան ևս խառը պատկեր է ցույց տալիս։ Այս շաբաթ Berkshire Hathaway-ի A և B դասի բաժնետոմսերը աճել են գրեթե 0.9%-ով, մինչդեռ S&P 500 ինդեքսը նվազել է 0.8%-ով։ Սակայն տարվա սկզբից Berkshire-ի B դասի բաժնետոմսերը դեռ ավելի քան 10 տոկոսային կետով հետ են մնում S&P 500-ից։

Աղբյուր՝ www.cnbc.com
