Impacture 2026 կոնֆերանսում քննարկվեցին բիզնեսի եւ ոչ առեւտրային ոլորտի համագործակցության շատ թեմաներ, սակայն այս համաժողովից հետո ինձ մտքում պտտվում է մի միտք՝ բիզնեսը եւ ոչ առեւտրային կառույցները իրարից սովորում են։
Հայաստանում եւ այլուր տարիներ շարունակ տարածված էր կարծիք, որ ոչ առեւտրային կազմակերպությունները պետք է սովորեն աշխատել բիզնեսի տրամաբանությամբ՝ ավելի արդյունավետ եւ չափելի։ Բայց հազվադեպ է քննարկվում, թե ինչ կարող է սովորել բիզնեսը ոչ առեւտրային կառույցներից։
Impacture 2026 համաժողովում այս հարցը բարձրացրեցի IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի մոտ։ Նա նշեց, որ «Մենք ոչ առեւտրային կառույցներից սովորել ենք ավելի լավ գնահատել համայնքների կարիքները»։
Այս փոփոխությունը, կարծես, աստիճանաբար ձեւավորվում է Հայաստանում։ Բիզնեսը այլեւս չի դիտարկում ոչ առեւտրային կառույցներին միայն որպես օգնություն ստացող կողմ, այլ՝ որպես գործընկեր, որը կարող է իրական արժեք բերել համատեղ աշխատանքում։
Չնայած որ դեռ ոչ բոլոր բիզնեսներն են այս անցումը կատարել, շարժումը արդեն նկատելի է։ Այս անցման ընթացքում փոխվում է նաեւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ընկալումը՝ այն այլեւս չի դիտարկվում որպես պարզապես հավելում, այլ որպես ռազմավարության մաս։
Անդրադարձվեց նաեւ փիլիսոփայությանը՝ բիզնեսը պետք է որոշի, թե իր ներդրումներով ժամանակավորապես մեղմո՞ւմ է խնդիրները, թե՞ փորձում է հասկանալ դրանց խորքային պատճառները եւ ներգրավվել լուծման գործընթացում՝ համագործակցելով մոտակա կառույցների հետ։
Այս համատեքստում ոչ առեւտրային կազմակերպությունները ունեն սոցիալական խնդիրների խորքային պատկերացում, երկար տարիների փորձ եւ անմիջական կապ համայնքների հետ։ Բիզնեսը, իր հերթին, բերում է ֆինանսական ռեսուրսներ, կառավարման գործիքներ եւ մասշտաբավորման հնարավորություն։ Այստեղ է ձեւավորվում իրական համագործակցության ներուժը։
Բայց այս համագործակցության մեջ կարեւոր են ոչ միայն ռեսուրսների փոխանակումը, այլեւ ճիշտ դիրքավորումը։
Դահլիճից հնչեց մի միտք, որը կարծում եմ, կարեւոր է այս խոսակցության համար․ սխալ է, երբ ոչ առեւտրային կազմակերպությունը բիզնեսին մոտենում է միայն «ուզողի» դիրքից, ինչը ստեղծում է անհավասար հարաբերություն։
Ճիշտ մոտեցումը հավասարը հավասարի զրույցն է։ Որպեսզի բիզնեսը եւ ոչ առեւտրային կառույցները կարողանան դիտարկել մեկը մյուսին որպես գործընկերներ, պետք է փոխվի համագործակցության ձեւաչափը եւ ազդեցության տրամաբանությունը՝ խոսքը այլեւս «օգնելու» կամ «ստանալու» մասին չէ, այլ միասին խնդիր լուծելու եւ փոփոխություն իրականացնելու մասին։
Շարմաղ Սաքունցը ԱՊՐԻ Արմենիայի Ֆոնդհայթայթման եւ բարերարների հետ կապերի մասնագետ է, Fundraisers Club Armenia-ի համահիմնադիրը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Աղբյուր՝ mediamax.am
