
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հրապարակել է հերքում՝ արձագանքելով սեպտեմբերի 11-ին կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետին ուղղված հարցին, որը վերաբերում էր ՎԻՎԱՌՈ ընկերությանը։
Խմբի հայտարարության մեջ ասվում է, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, կառավարության որևէ անդամ, իշխանության որևէ գործիչ կամ նրանց հետ փոխկապված անձ, կապ չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ։
Ընկերությունների խումբը նաև ընդգծել է, որ բոլոր կազմակերպությունները պատկանում են և պատկանել են Բադալյան ընտանիքին։ Ըստ հայտարարության՝ ընկերություններն աշխատում են թափանցիկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և պատշաճ կատարում են օրենքով սահմանված պարտավորությունները։
Հայտարարության հեղինակները լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը գնահատել են որպես անհեթեթ, սադրիչ և իրականության հետ կապ չունեցող։
Խումբը նաև չի բացառել, որ հետագայում կարող է նախաձեռնել իրավական գործընթացներ՝ նման հայտարարությունների հետևանքով։
Աղբյուր՝ b24.am
