
Ակբա բանկը բացել է իր նոր գլխամասային գրասենյակը Երևանի Իսակով 22/1 հասցեում։ Յոթհարկանի շենքը զբաղեցնում է ավելի քան 14600 քմ տարածք և, ինչպես նշում է բանկը, առանձնանում է ճարտարապետական յուրահատուկ լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր չափանիշներով։
Նոր գլխամասային գրասենյակի նախագիծը մշակել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքի տարածքում առկա է ավելի քան 6000 քմ կանաչ մակերես, տնկվել է ավելի քան 280 ծառ, իսկ ներսում ստեղծվել է շուրջ 200 քմ կանաչ գոտի՝ ավելի քան 820 բույսով և ծաղիկով։ Շենքն ունի նաև ավելի քան 300 կՎտ հզորությամբ արևային կայան։
Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով՝ բանկի 30-ամյա ճանապարհը դարձել է հաջորդ 30 տարվա մեկնարկը։ Նա շնորհակալություն է հայտնել բանկի աշխատակիցներին՝ նվիրման, աշխատանքի և համարձակության համար՝ ընդգծելով, որ կառույցը զարգացել և ընդլայնվել է երկրի հետ միասին։
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ 30 տարին բավարար ժամանակ է գնահատելու ինչպես անցած ճանապարհը, այնպես էլ այն ներդրումը, որն Ակբան ունեցել է Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Նրա խոսքով՝ Ակբան այսօր համակարգված ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը սպասարկում և ֆինանսավորում է տնային տնտեսություններին, ինչպես նաև փոքր, միջին ու խոշոր բիզնեսներին, իսկ նոր գլխամասային գրասենյակի բացումը արտահայտում է ապագայի նկատմամբ վստահությունը և երկարաժամկետ ծրագրերը։
Հայաստանում ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավար Ռեմոն Զաքարիանը հայտարարել է, որ ՎԶԵԲ-ը աջակցել է Ակբա բանկին այս շենքի կառուցման գործում՝ նպաստելով նաև կայունության և բնապահպանական բարձր չափանիշների ներդրմանը։ Նա նշել է, որ սա Հայաստանում LEED սերտիֆիկացում ունեցող շենք է։ «Ռենկո» ԲԸ նախագահ Ջովաննի Գասպարինին էլ ասել է, որ նախագծման և շինարարության ընթացքում նպատակն էր հիմք դնել ժամանակակից բիզնես էկոհամակարգի, իսկ աշխատանքներն ամբողջությամբ համապատասխանել են LEED միջազգային խիստ չափանիշներին։
Աղբյուր՝ acba.am
