Bankomat

ԱԺ-ն վավերացրել է ՄԲՌԲ-ի հետ 284.4 մլն դոլարի համաձայնագիրը

Լուրեր|2026/10/12 10:27
ԱԺ-ն վավերացրել է ՄԲՌԲ-ի հետ 284.4 մլն դոլարի համաձայնագիրը

Միջոցները կուղղվեն Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովմանը և հիփոթեքային շուկայի զարգացմանը։

Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ի արտահերթ նիստում վավերացրել է Միջազգային բանկի վերակառուցման և զարգացման (ՄԲՌԲ, World Bank Group-ի կառույց) հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ընդհանուր 284.4 մլն դոլարի չափով։ Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը, 21 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Ծրագիրը վերաբերում է Հայաստանում բնակարանային ապահովմանն ու հիփոթեքային շուկայի զարգացմանը։ Համաձայնագրերը Հայաստանի և ՄԲՌԲ-ի միջև ստորագրվել են 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին։

Ընդհանուր 284.4 մլն դոլար արժողությամբ ծրագիրը նախատեսված է շուրջ 109 հազար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային լուծումների հասանելիությունը բարելավելու, հիփոթեքային շուկան խորացնելու և ընդլայնելու, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ մշակման ու իրականացման գործընթացները կատարելագործելու համար։ Այն ներառում է երեք բաղադրիչ՝ բնակարանային սուբսիդիաներ և ինստիտուցիոնալ զարգացման աջակցություն, բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում, ինչպես նաև ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում։

Ֆինանսավորումը կտրամադրվի փուլային եղանակով՝ սահմանված ցուցանիշների և արդյունքների ապահովման դեպքում։ Փաթեթը ներառում է 240 մլն դոլար ՄԲՌԲ վարկային միջոցներ, 24.4 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ Global Concessional Financing Facility (GCFF)-ից, 10 մլն դոլար Livable Planet Fund (LPF)-ի դրամաշնորհ և ևս 10 մլն դոլար ՄԲՌԲ վարկ Ազգային հիփոթեքային ընկերությանը՝ ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացման համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի խոսքով՝ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը մոտ 880 մլն դոլար է։ Նրա տվյալներով՝ ծրագրով շուրջ 45 հազար տեղահանված անձ կստանա դրամական աջակցություն, իսկ տեղահանվածների 6.5 հազար ընտանիք կկարողանա ստանալ բնակարանային սերտիֆիկատներ։ Քոչարյանը նշել է նաև, որ 240 մլն դոլարի ՄԲՌԲ վարկի մարման ժամկետը 29 տարի է՝ ներառյալ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածը, տոկոսադրույքը՝ լողացող, իսկ մարումը նախատեսված է մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ավելի վաղ նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 8563 ընտանիք արդեն ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատներ, որոնցից 4911-ը իրացվել են։ Հայաստանի իշխանությունները նաև նախատեսում են Երևանին հարակից համայնքներում բնակվող տեղահանված ընտանիքների համար բնակարանային սերտիֆիկատի չափը 3 մլն դրամից հասցնել 4 մլն դրամի։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ