Աշխաբադում սեպտեմբերի 11-ին անցկացվել է ԱՊՀ Տնտեսական խորհրդի 111-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների տնտեսական համագործակցության լայն օրակարգը։ Այդ մասին հայտնել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նիստին պատվիրակությունների ղեկավարների կարգավիճակով մասնակցել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Ուզբեկստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Քուչկարովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Թուրքմենստանում Տաջիկստանի դեսպան Վաֆո Նիյատբեկզոդան, ԱՊՀ Տնտեսական խորհրդին առընթեր տնտեսական հարցերի հանձնաժողովում Ղազախստանի լիազոր ներկայացուցիչ Բեկետժան Ժումախանովը, նույն հանձնաժողովում Ղրղզստանի լիազոր ներկայացուցիչ Ուլուկբեկ Կարմիշակովը, ինչպես նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Փակ ձևաչափով քննարկման ժամանակ պատվիրակությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի և խորհրդին ներկայացված փաստաթղթերի շուրջ։ Սերգեյ Լեբեդևը նշել է, որ Թուրքմենստանի նախագահության ներքո այս տարի արդեն անցկացված միջոցառումները կազմակերպվել են բարձր մակարդակով, և վստահություն է հայտնել, որ Ավարայում նախատեսվող հետագա հանդիպումները ևս կհամապատասխանեն ձևավորված չափանիշներին։
Խորհուրդը հաստատել է 2026-2030 թվականների համար ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում միջազգային հաղորդակցությամբ փոխադրումների ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը։ Քննարկվել են նաև 2023-2026 թվականներին Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար հեռանկարային նյութերի արտադրության ոլորտում համագործակցության զարգացման հայեցակարգի և դրա իրականացման ծրագրի նախագծերը։
Նիստում ներկայացվել է նաև ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի 2023-2025 թվականների գործունեության հաշվետվությունը։ Խորհրդի անդամներին ներկայացվել են անտառարդյունաբերական համալիրի ճյուղերի թվային վերափոխման հայեցակարգի և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագծերը։ Այս նախաձեռնությունը միտված է ազգային տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծման և աշխատանքի ապահովման փորձի փոխանակմանը, ինչպես նաև անտառային արդյունաբերությունում թվային հարթակների ստեղծմանն ու կիրառմանը։
Քննարկվել է նաև մինչև 2030 թվականը ԱՊՀ նորարարական համագործակցության միջպետական ծրագրի իրականացման 2026-2030 թվականների համալիր միջոցառումների նախագիծը, որը ներառում է կոնկրետ նախաձեռնություններ, միջոցառումներ և նախագծեր՝ պատասխանատուների ու ժամկետների նշումով։ Բացի այդ, հավանության է արժանացել օդային երթևեկության կազմակերպման ազգային համակարգերի ներդաշնակեցման հայեցակարգի իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը։ Սպասվող արդյունքը քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության, կանոնավորության և տնտեսական արդյունավետության, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկման որակի բարձրացումն է։
Օրակարգում եղել են նաև ԱՊՀ երկրների փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների և դրանց վերացման առաջարկությունների մասին տեղեկանքը, մինչև 2030 թվականը ռադիոնավիգացիայի զարգացման հիմնական ուղղությունների նախագիծը և մինչև 2032 թվականը բրուցելոզի կանխարգելման ու դեմ պայքարի համատեղ գործողությունների համալիրը։ Վերջինս նպատակ ունի նվազեցնել հիվանդությունից բխող տնտեսական վնասը և կանխել դրա ներթափանցումն ու տարածումը ԱՊՀ երկրների տարածքներում։
Բացի տնտեսական օրակարգից, նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական և այլ հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում արխիվային գործի զարգացման թեման։ 111-րդ նիստում քննարկված փաստաթղթերից 12-ը հետագայում կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին։
ԱՊՀ Տնտեսական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերի 27-ին՝ Մոսկվայում։
Աղբյուր՝ finport.am
