Արմանիսի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում ուսումնասիրության լուրը ընդվզման ալիք է բարձրացրել Ստեփանավան համայնքի բնակիչների, բնապահպան-ակտիվիստների շրջանում: Բնակիչներն ու ակտիվիստներն ուզում էին ձախողել այսօրվա հանրային լսումները, որպեսզի ընկերությունը չկարողանա նոր տարածքների ուսումնասիրության իրավունք ստանա, ինչին, ըստ ամենայնի, կհաջորդի արդյունահանման լիցենզիայի դիմումը:
Այսօր երեք վայրում` Ստեփանավանում, Արմանիսում և Ուրասարում հանրային լսմանը ակտիվիստները «Ոչ հանքին» վանկարկումներով փորձում էին համոզել հանքարդյունաբերողներին հետ կանգնել հանքավայրի վերաբերյալ իրենց մտադրություններից:
Նրանց հիմնական փաստարկն այն է, որ Ստեփանավանը պետք է տուրիզմի կենտրոն դառնա, ոչ թե հանքարդյունաբերության զոհ, հետևաբար, հանքավայրի արդյունահանումն ուղղակիորեն կխաթարի Ստեփանավանի և հարակից տարածքների հետագա զարգացումը:
Ստեփանավանի ակտիվիստները մեզ ուղարկել են հանքավայրի և Չքնաղ գետի լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է հանքավայրի ստորին հատվածից դեղնավուն զանգվածը դուրս գալիս և լցվում Չքնաղ գետը:
Այդ նույն տարածքի մասին տարիներ առաջ հրապարակում ենք արել` այցելելով տարածք և տեսալուսանկարահանելով արտանետումները. տնտեսվարողն ասում է, որ ինքը դրա հետ կապ չունի, այդ արտահոսքը խորհրդային տարիներից թողած ժառանգություն է:
«Սագամար» ՓԲԸ-ի տնօրեն Ստանիսլավ Մորոզովը նշեց, որ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հարավ և հարավ-արևմտյան տարածքում ուսումնասիրություններ են իրականացրել, սակայն արդյունքները ցույց են տվել, որ հանքաքարը չի համապատասխանում իրենց վերամշակման տեխնոլոգիային:
«Մենք ուսումնասիրություններ ենք արել 2008-2011թթ., 4 կմ խորություն ենք հորատել, հասկացել ենք, որ այնտեղ այնպիսի հանքաքար է, որը կարիք ուներ ցիանային վերամշակման, իսկ մենք աշխատում ենք ջրային տարածքների, գետերի մոտ, և այդպիսի վերամշակումը կարող է հավելյալ աղտոտվածություն պատճառել», - ասաց նա:
Մորոզովը նաև նշեց, որ ներկայումս «Հայասա ռեսուրսիս» ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացնում այդ տարածքներում:
«Մենք չենք մտնում ջրաշուշանների տարածք, որը գետի մյուս ափին է՝ 2,5 կմ հեռավորության վրա», - հավելեց նա:
Բնակիչները, սակայն, շարունակում են անհանգստանալ, քանի որ մինչ օրս չի դադարում դրենաժային ջրերի արտահոսքը դեպի Չքնաղ գետ:
«Մենք կառուցել ենք մաքրման ավազան, որպեսզի նվազագույն աղտոտվածություն գնա դեպի գետը, որովհետև այնտեղ շատ գեղեցիկ տարածք է», - ասաց նա:
Ակտիվիստները պնդում են, որ հանքարդյունաբերությունը կխաթարի Ստեփանավանի զարգացման հեռանկարները, մինչդեռ տնտեսվարողը վստահեցնում է, որ իրենք ջանում են նվազեցնել աղտոտվածությունը:
Աղբյուր՝ hetq.am
