
Apple-ը Կուպերտինոյում անցկացված Surprise and Shine միջոցառմանը ներկայացրել է իր առաջին ծալվող սմարթֆոնը՝ iPhone Duo-ն։ Ընկերության տվյալներով՝ մոդելի մեկնարկային գինը 1999 դոլար է, իսկ վաճառքը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին։
Նոր սարքը բացվում է «անձնագրի պես» և Apple-ի սմարթֆոնների շարքում ստացել է ամենամեծ էկրանը, ինչպես նաև ռեկորդային բարակ կորպուսը։ Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Թերնուսը հայտարարել է, որ Duo-ն պահպանում է այն հատկանիշները, որոնց համար օգտատերերը գնահատում են iPhone-ը, միաժամանակ առաջարկելով օգտագործման նոր ձևաչափեր։
iPhone Duo-ն աշխատում է A20 Pro չիպով, ունի գոլորշիացման խցիկով հովացման համակարգ և նոր C2 մոդեմ։ Մարտկոցը բաժանված է երկու բլոկի և տեղակայված է կորպուսի երկու հատվածներում։ Apple-ի ներկայացմամբ՝ սարքը կարող է աշխատել 24-31 ժամ՝ կախված օգտագործման սցենարից, իսկ լիցքավորումը մինչև 50% տևում է մոտ 20 րոպե։
Կորպուսը պատրաստված է տիտանից և կերամիկական մանրաթելերից, իսկ առջևի ու հետևի վահանակները պաշտպանված են նոր սերնդի Ceramic Shield-ով։ iPhone Duo-ն հասանելի կլինի երկու գույնով՝ Star White և Night Sky։
Միաժամանակ ընկերությունը ներկայացրել է նաև թարմացված iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելները, որոնց մեկնարկային գները համապատասխանաբար 1199 դոլար և 1299 դոլար են։ Այս մոդելներում ինտեգրված է Siri AI համակարգը, որը կարող է աշխատել ավելի քան 300 հազար երրորդ կողմի հավելվածների հետ։

Նոր հնարավորությունների թվում Apple-ը նշել է նաև Apple Reference Image մեխանիզմը, որը թույլ է տալիս հաստատել, որ լուսանկարն արվել է հենց սարքի տեսախցիկով և չի ստեղծվել արհեստական բանականության միջոցով։
Ընկերությունը նաև հայտարարել է մարտկոցի աշխատանքի տևողության աճի մասին։ Ըստ ներկայացված տվյալների՝ iPhone 18 Pro Max-ը կարող է աշխատել մինչև 45 ժամ, իսկ iPhone 18 Pro-ն՝ մինչև 36 ժամ։
Սմարթֆոններից բացի, Apple-ը թարմացրել է նաև AirPods և Apple Watch շարքերը։ Հինգերորդ սերնդի AirPods-ը ստացել է կատարելագործված աղմուկի չեզոքացման համակարգ, որը, ըստ ընկերության, նախորդ տարբերակից 50%-ով ավելի արդյունավետ է, ինչպես նաև ապահովում է մինչև 5 ժամ ինքնավար աշխատանք։
Նոր Apple Watch Series 12 և Apple Watch Ultra 4 մոդելները համալրված են արհեստական բանականության վրա հիմնված Health Age և Audio Intelligence գործառույթներով։ Դրանք վերլուծում են առողջական վիճակը, ինչպես նաև կարող են գրանցել ու վերծանել խոսակցությունների կարճ հատվածներ, որպեսզի հետագայում դրանք դիտվեն Siri Recap ձևաչափով։
Շնորհանդեսը նաև Ջոն Թերնուսի առաջին հրապարակային ելույթն էր Apple-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Նա սեպտեմբերի 1-ին փոխարինել է Թիմ Քուքին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ընկերության ապարատային ինժեներիայի գծով փոխնախագահի պաշտոնը։
Աղբյուր՝ b24.am
