
Չինական սպորտային հագուստ և կոշիկ արտադրող Anta-ն դարձել է գերմանական Puma SE-ի խոշորագույն բաժնետերը՝ ձեռք բերելով ընկերության բաժնետոմսերի 29.06%-ը։ Այդ մասին հայտնել է Anta-ն իր մամուլի հաղորդագրությունում։
Ընկերության տվյալներով՝ գործարքը կատարվել է ներդրումային Artemis SAS-ից Puma-ի արժեթղթերի փաթեթի գնման միջոցով։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1.51 մլրդ եվրո։
Anta-ն նշել է, որ բոլոր անհրաժեշտ կարգավորող թույլտվությունները ստացվել են, և գործարքի փակման ստանդարտ պայմանները կատարվել են։ Դրանից հետո չինական ընկերությունը պաշտոնապես դարձել է Puma-ի խոշորագույն բաժնետերը։
Միաժամանակ Anta-ն ընդգծել է, որ հարգում է Puma-ի մարզական ժառանգությունը, ապրանքանիշի ինքնությունը, կորպորատիվ մշակույթը, ինչպես նաև ընկերության անկախ կառավարումն ու ինքնավարությունը։
Anta-ի պատմությունը սկսվել է 1990-ականների սկզբին Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում գործող փոքր կոշիկի արտադրամասից։ Հետագայում ընկերությունը դարձել է Չինաստանի սպորտային հագուստի և կոշիկի խոշոր արտադրողներից մեկը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օլիմպիական հավաքականի պաշտոնական գործընկերը։
Աղբյուր՝ b24.am
