
ԱՄՆ-ում կապիտալիզմի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է մինչև 54%՝ հասնելով վերջին 15 տարվա ամենացածր մակարդակին։ Այդ մասին, Gallup-ի տվյալներին հղումով, գրում է Fortune-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ ավելի քան 200 գործադիր տնօրեններ չեն ընդունում այն մոտեցումը, թե տնտեսությունում մեկ կողմի շահը պարտադիր կառուցվում է մյուսի կորստի հաշվին։ Նրանց համոզմամբ՝ բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծել հնարավոր չէ, եթե բիզնեսը միաժամանակ հաշվի չի առնում հաճախորդների, աշխատակիցների և հասարակության շահերը։
Fortune-ը ներկայացրել է այդ մոտեցման երեք օրինակ։
Walmart
Դագ Մաքմիլոնի ղեկավարության ընթացքում Walmart-ը մեծացրել է ներդրումները աշխատակիցների, էլեկտրոնային առևտրի և տեխնոլոգիաների ուղղություններով՝ պահպանելով ցածր գների ռազմավարությունը։ Թեև սկզբնական շրջանում ընկերության բաժնետոմսերը նվազել էին 10%-ով, հետագայում ռազմավարությունն արդյունք է տվել։ 2026 թվականին Walmart-ի շուկայական արժեքը գերազանցել է 1 տրլն դոլարը, վաճառքներն աճել են, իսկ ընկերության հեղինակությունը որպես գործատու բարելավվել է։
Starbucks
Բրայան Նիկոլի ղեկավարությամբ Starbucks-ը հրաժարվել է մի շարք որոշումներից, որոնք կարող էին արագ ավելացնել եկամուտները կամ կրճատել ծախսերը, բայց վնասել հաճախորդներին ու աշխատակիցներին։ Փոխարենը ընկերությունը պարզեցրել է մենյուն, բարելավել է սպասարկումը և անձնակազմի մեջ ներդրել 500 մլն դոլար։ Արդյունքում համադրելի վաճառքներն աճել են չորս եռամսյակ անընդմեջ, իսկ բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 22%-ով։
Rio Tinto
46 հազար տարվա պատմություն ունեցող Ջուքան-Գորջի ժայռային ապաստարանների ոչնչացումից հետո Rio Tinto-ն բախվել էր բնիկ ժողովուրդների, իշխանությունների և ներդրողների վստահության կորստին։ Նոր գլխավոր տնօրեն Յակոբ Ստաուշոլմը միջոցներ է ուղղել հարաբերությունների վերականգնմանը և մշակութային ժառանգության պահպանման մոտեցումների վերանայմանը։ Հաջորդ հինգ տարիներին Rio Tinto-ի բաժնետերերի ընդհանուր եկամտաբերությունը կազմել է 66%։
Fortune-ի եզրակացությամբ՝ հաճախորդների, աշխատակիցների, հասարակության և բաժնետերերի շահերի համատեղ հաշվառումը կարող է լինել արդյունավետ կառավարման գործնական մոդել։ Պարբերականը նշում է, որ վստահությունը, կորպորատիվ մշակույթը և հանրային աջակցությունը բիզնեսի համար կարող են նույնքան կարևոր լինել, որքան նյութական և ֆինանսական ակտիվները։
Աղբյուր՝ b24.am
