
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) կանխատեսում է, որ 2026 և 2027 թվականներին ԱՄՆ բնական գազի առաջարկն ու պահանջարկը կհասնեն ռեկորդային մակարդակների։ Խոսքը վերաբերում է թե՛ արդյունահանմանը, թե՛ ներքին սպառմանը, ինչպես նաև հեղուկացված բնական գազի արտահանմանը։
Գերատեսչության գնահատմամբ՝ չոր բնական գազի արդյունահանումը 2025 թվականի օրական 107.6 մլրդ խորանարդ ֆուտից 2026 թվականին կաճի մինչև 111.7 մլրդ, իսկ 2027 թվականին՝ մինչև 115.9 մլրդ խորանարդ ֆուտ։ Միաժամանակ ներքին սպառումը 91.9 մլրդ խորանարդ ֆուտից կհասնի համապատասխանաբար 92.2 մլրդ և 94.3 մլրդ խորանարդ ֆուտի։
Աճ կարձանագրվի նաև ԱՄՆ-ից LNG արտահանման մասով։ Եթե 2025 թվականին այն կազմում է օրական 15.1 մլրդ խորանարդ ֆուտ, ապա 2026-ին սպասվում է 17.4 մլրդ, իսկ 2027-ին՝ 18.6 մլրդ խորանարդ ֆուտ։
EIA-ի կանխատեսմամբ՝ ձմեռային սեզոնի սկզբին գազի պաշարները մոտ 5%-ով կգերազանցեն հնգամյա միջին մակարդակը։ Դա մասամբ պայմանավորված է Permian և Haynesville հանքավայրերում արդյունահանման աճով։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում ածխի արդյունահանումը 2027 թվականին կնվազի մինչև 496.7 մլն տոննա։ Սա կլինի ամենացածր ցուցանիշը 1963 թվականից ի վեր։ Նավթի և ածխի սպառման կրճատման ֆոնին, ըստ կանխատեսման, կնվազեն նաև հանածո վառելիքի այրումից առաջացող ածխաթթու գազի արտանետումները։
Աղբյուր՝ b24.am
