
Acba bank-ը հրապարակել է իր 30-ամյա ուղու մասին տեսանյութ և պատմել, թե ինչպես է ձևավորվել Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը։ Բանկի պատմությունը սկսվել է 1990-ականներին՝ Վարդանանց 13Ա հասցեում վարձակալված երկու աշխատասենյակով, մեկ համակարգչով, մեկ տպիչով և սահմանափակ ռեսուրսներով, բայց մեծ ծրագրերով թիմով։
Բանկը հիշեցնում է, որ անկախություն ձեռք բերած Հայաստանում այդ տարիներին տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում լուրջ խնդիրներ կային։ Այդ պայմաններում Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում հաջողվել էր ներգրավել 2 մլն էքյու՝ նորաստեղծ բանկի կանոնադրական կապիտալը ձևավորելու համար։
Սկզբնական փուլում թիմը սկսել էր աշխատել գյուղաբնակների հետ՝ ձևավորելով փոխօգնության վրա հիմնված բանկային մոդել։ Հետագա տարիներին Acba-ն, գյուղատնտեսությունից բացի, սկսել է ֆինանսավորել նաև տնտեսության այլ ճյուղեր՝ աջակցելով Հայաստանի զարգացմանը։
Բանկի գնահատմամբ՝ իր աճի հիմքում մշտապես եղել է վստահությունը՝ աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների և բաժնետերերի միջև։ Այդ հիմքի վրա կարևոր դեր է ունեցել նաև համագործակցությունը Crédit Agricole ֆրանսիական բանկային խմբի և ակտիվների կառավարման եվրոպական առաջատար Amundi-ի հետ։
Այսօր Acba bank-ում աշխատում է մոտ 1900 մարդ, acba digital հարթակն ունի ավելի քան 750 հազար օգտատեր, իսկ հաճախորդների գործարքների շուրջ 90%-ը կատարվում է բանկի թվային ալիքներով։ Միաժամանակ բանկը նշում է, որ շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի համայնքների, կրթության, մշակույթի և շրջակա միջավայրի զարգացման մեջ։
Աղբյուր՝ armbanks.am
