ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Հավիեր Սոլանայի և EsadeGeo Գլոբալ էկոնոմիկայի և աշխարհաքաղաքականության կենտրոնի տնօրեն Անխել Սազ-Կարանսայի հոդվածի հիմնական մտքերը ներկայացնում ենք ստորև։
Հեղինակների գնահատմամբ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները դարձան այն շրջադարձային պահը, որից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի զարգացումը գնաց այլ հունով։ Նրանց կարծիքով՝ հենց այդ ժամանակ սկսվեցին այն գործընթացները, որոնք հետագայում ձևավորեցին ներկայիս մասնատված աշխարհաքաղաքական միջավայրը։
ԱՄՆ-ում այդ շրջադարձը, ըստ հոդվածագիրների, արտահայտվեց ազգային անվտանգության առաջնահերթության կտրուկ ուժեղացմամբ։ Վաշինգտոնը սկսեց հրաժարվել այն բազմակողմ մոտեցումից, որի վրա երկար ժամանակ կառուցել էր իր առաջնորդությունը։ Այդ տրամաբանության մեջ ԱՄՆ-ը դուրս եկավ Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից և սկսեց հակահրթիռային վահանի ձևավորման աշխատանքներ, ներառյալ GMD ծրագրի զարգացումը Ալյասկայում և Կալիֆոռնիայում, ինչպես նաև Լեհաստանում տեղակայման ծրագրերը։ Հեղինակները նշում են, որ այդ քայլերը լուրջ անհանգստություն առաջացրին Ռուսաստանում, իսկ Վլադիմիր Պուտինը պատասխանեց СНВ-2 պայմանագրից հրաժարվելով։

Հոդվածում առանձնացվում են նաև ԱՄՆ-ի երկու խոշոր պատերազմները՝ Աֆղանստանում և Իրաքում։ Եթե Աֆղանստանում միջամտությունը հեղինակները համարում են օրինական և լայն աջակցություն ստացած, ապա Իրաք ներխուժումը, որն իրականացվեց առանց ՄԱԿ-ի արտոնության, ըստ նրանց, խորը տարաձայնություններ առաջացրեց նույնիսկ Եվրամիության ներսում։ Ֆրանսիան և Գերմանիան դեմ էին, մինչդեռ Լեհաստանի նման նոր անդամներ աջակցեցին Վաշինգտոնի գործողություններին։
Հեղինակների գնահատմամբ՝ երկու պատերազմներն էլ ավարտվեցին ձախողմամբ։ Նրանք նաև ուշադրություն են հրավիրում 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի վրա, որտեղ Վրաստանի և Ուկրաինայի ապագա անդամակցության մասին արված հայտարարությունը, ըստ նրանց, մնաց առանց հստակ ժամկետների և իրական անվտանգության երաշխիքների։ Այդ մոտեցումը, հոդվածագիրների կարծիքով, մի կողմից անհանգստացրեց Կրեմլին, մյուս կողմից չապահովեց ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի պաշտպանությունը։

Ռուսաստանի մասով հոդվածում նշվում է, որ 2000 թվականին Պուտինի իշխանության գալը սկզբում ստեղծել էր կայունության և տնտեսական վերականգնման սպասումներ։ Սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո նա առաջիններից էր, որ համերաշխություն հայտնեց Ջորջ Բուշին։ Սակայն այդ մերձեցումը կարճ տևեց։ 2003 թվականին Կրեմլը բռնագրավեց «ՅՈՒԿՈՍ»-ը և բանտարկեց Միխայիլ Խոդորկովսկուն, 2006 թվականին Լոնդոնում թունավորվեց Ալեքսանդր Լիտվինենկոն, իսկ 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում Պուտինը կոշտ ելույթով փաստացի մերժեց հետսառըպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։
Հեղինակների կարծիքով՝ ամերիկյան ունիլատերալիզմի և Ռուսաստանի մարգինալացման համադրությունը Մոսկվային մղեց ավելի կոշտ, ռևիզիոնիստական և առավել բացահայտ ավտորիտար ուղու։ Նրանք հիշեցնում են, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան՝ նախադեպ ստեղծելով Ուկրաինա հետագա ներխուժման համար։

Հոդվածում հատուկ տեղ է հատկացվում նաև Չինաստանին։ Հեղինակները հիշեցնում են, որ 2001 թվականի դեկտեմբերին Չինաստանը, ԱՄՆ-ի և ԵՄ-ի լիակատար աջակցությամբ, միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Արևմուտքը ենթադրում էր, որ համաշխարհային առևտրային համակարգում ինտեգրումը Չինաստանին կմոտեցնի լիբերալ կապիտալիզմին, սակայն իրականությունը, նրանց դիտարկմամբ, այլ եղավ։ Չինաստանը զարգացրեց խիստ կառավարվող պետական կապիտալիզմի սեփական մոդելը և այն վերածեց աշխարհաքաղաքական ազդեցության գործիքի։
2012 թվականին իշխանության եկած Սի Ծինփինը, ըստ հոդվածագիրների, աննախադեպ չափերով կենտրոնացրեց իշխանությունը։ 2017 թվականին նրա քաղաքական դոկտրինը ներառվեց կուսակցության կանոնադրության մեջ, իսկ 2018 թվականին վերացվեց նախագահական ժամկետների սահմանափակումը։ Այդուհետ, ինչպես նշվում է հոդվածում, շարունակվել է Չինաստանի քաղաքացիական և ակադեմիական կյանքի ավելի մեծ տարանջատումը արտաքին աշխարհից։ Որպես օրինակ բերվում է 2017 թվականին WhatsApp-ի և Skype-ի արգելափակումը, որը բարդացրեց քաղաքացիական հասարակության և բիզնեսի ղեկավարների կապը արևմտյան գործընկերների հետ։ Հեղինակները նաև գրում են, որ վերջին հինգ տարիների ընթացքում հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ և հրամանատարներ հեռացվել են պաշտոններից կամ ենթարկվել բռնաճնշումների։

Հոդվածի եզրակացությամբ՝ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը կարող էր շարժվել այլ ճանապարհով, սակայն խոշոր տերությունները գերադասեցին անվտանգությունն ու ուժը դիտարկել չափազանց նեղ շրջանակում։ Դրա հետևանքով ԱՄՆ-ը, հեղինակների ձևակերպմամբ, ավելի շատ կենտրոնացավ սեփական ուժի վրա, Ռուսաստանը դարձավ դիմակայության պատրաստ ռևիզիոնիստական տերություն, իսկ Չինաստանը տնտեսությունը վերածեց ազդեցության լծակի, որի պատասխանը Արևմուտքը դեռ չի գտել։
Եվրոպայի համար այս զարգացումները, հոդվածագիրների համոզմամբ, նշանակում են, որ այն այլևս չի կարող ամբողջությամբ ապավինել ամերիկյան պաշտպանությանը։ Նրանց կարծիքով՝ Եվրոպային անհրաժեշտ են սեփական ռազմական հնարավորություններ և մեխանիզմներ, որոնք կօգնեն նաև պաշտպանել տնտեսությունը չինական ճնշումից։
Աղբյուր՝ mediamax.am
