ԱՄՆ-ում բացահայտվել է խոշոր հանցավոր սխեմա, որի միջոցով զեղծարարներն անհպում վճարումների տեխնոլոգիայի օգնությամբ տարեկան մինչև 1 միլիարդ դոլար են հափշտակում ռիթեյլերներից և բանկերից, հայտնում է CNBC-ն:
Հանցագործներն օգտագործում են գողացված բանկային քարտերի տվյալները՝ խանութների բջջային հավելվածների միջոցով նվեր քարտեր ձեռք բերելու համար: Այս հավելվածների պաշտպանվածության մակարդակը, որպես կանոն, ավելի ցածր է, քան ֆինանսական կազմակերպություններինը, ինչից էլ օգտվում են խարդախները:
Այնուհետև նվեր քարտերով գնվում են թանկարժեք ապրանքներ, որոնք հետագայում վերավաճառվում են Չինաստանում՝ հավելավճարով: Այս սխեման թույլ է տալիս շրջանցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի խիստ բանկային վերահսկողության կանոնները:
Տեղում գործարքները հաճախ իրականացվում են անօրինական միգրանտների միջոցով, որոնք այդ կերպ մարում են մաքսանենգներին ունեցած պարտքերը: Ոստիկանության տվյալներով՝ նրանց հեռախոսներում հայտնաբերվում են վճարային հավելվածներ, որոնք քողարկված են խաղերի տեսքով:
Home Depot-ի ներկայացուցիչների խոսքով՝ վերջին տարիներին այս մեթոդը դարձել է հանցագործների նախընտրելի գործելաոճը, քանի որ «այն նրանց համար շատ ցածր ռիսկային է»՝ համեմատած խանութներից ավանդական գողությունների հետ:
Անհպում վճարումների տեխնոլոգիաների լայն տարածման ֆոնին թվային խարդախությունները դարձել են մանրածախ առևտրի ոլորտում կազմակերպված հանցավորության զարգացման նոր փուլ: 2024 թվականի հունվարից սկսված դաշնային գործողության շրջանակում իրավապահ մարմինները կատարել են առնվազն 239 ձերբակալություն: Այնուամենայնիվ, ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչները շարունակում են աջակցել նոր օրենսդրական նախաձեռնություններին, որոնք կբարելավեն տեղեկատվության փոխանակումը և թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել բարդ ֆինանսական հանցագործությունների դեմ:
Աղբյուր՝ b24.am
