
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու գործընթացի շուրջ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, և այս հարցը, նրա խոսքով, պետք է դրվի անհապաղ ազգային հանրաքվեի։
Սեպտեմբերի 15-ին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում կայացած ճեպազրույցում Զախարովան ասել է, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է հայկական կողմի հետ։ Նրա գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանությունները պետք է հստակեցնեն, թե որ ինտեգրացիոն ուղղությամբ է շարժվում հանրապետությունը։
Զախարովայի խոսքով՝ այս մոտեցումը կիսում են նաև Եվրասիական տնտեսական միության մյուս գործընկերները։ Նա նշել է, որ ինտեգրացիոն միավորման անդամ լինելը ենթադրում է ոչ միայն քաղաքական ընտրություն, այլև պատասխանատվություն, ռիսկերի կիսում և ապագայի համատեղ պլանավորում։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև քաղաքացիներին և տնտեսվարողներին, որոնք իրենց ֆինանսական, տնտեսական, արդյունաբերական, արտադրական և լոգիստիկ ռազմավարությունները կառուցում են նման որոշումների հիման վրա։
ՌԴ ԱԳՆ խոսնակը քննադատել է նաև հանրաքվե չանցկացնելու վերաբերյալ հայկական կողմի հիմնավորումները։ Իր միտքը նա ներկայացրել է ընտանեկան հարաբերության համեմատությամբ՝ ասելով, որ անհասկանալի է, երբ մի կողմը շարունակում է մնալ մեկ միությունում, բայց միաժամանակ չի հստակեցնում՝ արդյոք ընտրում է այլ ճանապարհ։
Զախարովան այդ անորոշությունը բնութագրել է որպես «տարրական պարկեշտության» հարց՝ նշելով, որ նման իրավիճակում պետք է պարզ ասել՝ արդյոք հարաբերությունը պահպանվում է, թե կողմերը գնում են այլ ուղղությամբ։
Աղբյուր՝ panorama.am
