
The Wall Street Journal-ը գրում է, որ աշխարհում վառելիքային ճգնաժամը արդեն մեկնարկել է։ Պարբերականի գնահատմամբ՝ իրավիճակի հիմնական պատճառներն են Հորմուզի նեղուցի երկարատև փակումը և գլոբալ մակարդակով վառելիքի պաշարների շարունակական նվազումը։
Հրապարակման համաձայն՝ ամերիկյան նավթային ընկերությունները ամիսներ շարունակ նախազգուշացրել էին, որ եթե Հորմուզի նեղուցը երկար ժամանակ փակ մնա, դա անխուսափելիորեն կհանգեցնի վառելիքային ճգնաժամի։ Այժմ, նրանց գնահատմամբ, այդ սցենարը արդեն իրականություն է դարձել։
WSJ-ի տվյալներով՝ աշխարհում առևտրային վառելիքի պաշարները նվազում են արդեն ավելի քան կես տարի։ Միաժամանակ սահմանափակվում են նաև ռազմավարական պաշարների օգտագործման հնարավորությունները, որոնք նախկինում օգնում էին մեղմել մատակարարումների խափանումների ազդեցությունը։
Շուկայի վրա լրացուցիչ ճնշում է գործադրել Սաուդյան Արաբիայում նավթամուղի վնասումը, որի հետևանքով շուկայից դուրս է եկել օրական շուրջ 2.5 մլն բարել նավթ։ Այդ գործոնը, պարբերականի գնահատմամբ, ավելի է սրել մատակարարումների խնդիրը։
Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը նշել է, որ մատակարարման խափանումների հետևանքները նախկինում զսպող մեխանիզմները մեծ մասամբ արդեն սպառել են իրենց հնարավորությունները։ Նրա խոսքով՝ այս պայմաններում նավթի գների արագ նվազումը քիչ հավանական է թվում։
Այս ֆոնին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային 6.23 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, կամ մոտ 1.64 դոլարի՝ մեկ լիտրի հաշվով։ Բենզինի գինը կազմել է 4.32 դոլար մեկ գալոնի դիմաց, կամ մոտ 1.14 դոլար մեկ լիտրի դիմաց։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մատակարարումների խափանումները շարունակում է դիտարկել որպես ժամանակավոր երևույթ։
Աղբյուր՝ b24.am
