Viva-ն և «My Forest Armenia» բնապահպանական ՀԿ-ն շարունակում են համագործակցությունը՝ խթանելու կանաչ մտածողությունն ու երկարաժամկետ անտառապատման աշխատանքները Հայաստանում։ Գործընկերները 2022 թվականից իրականացնում են ծրագրեր, որոնք միտված են անտառային էկոհամակարգերի ընդլայնմանը, կենսաբազմազանության պահպանմանը և բնական աղետների ռիսկերի նվազեցմանը։
Ծրագրի շրջանակում տարբեր տեղանքներ տեղափոխվում են տեղական անտառային տեսակների սերմերից աճեցված ծառերի և թփերի տնկիներ՝ ինչպես փակ, այնպես էլ բաց արմատային համակարգով։ Համագործակցության ընթացքում Viva-ն և «My Forest Armenia»-ն վերականգնողական տնկումներ են իրականացրել Լոռու մարզի երեք տարբեր վայրերում։ Տնկման տարածքներն ընտրվել են ոչ միայն բարենպաստ կլիմայական պայմանների, այլև հնարավոր սողանքների կանխարգելման նպատակով։
Այս տարի աշխատանքներն ընթանում են Շիրակի մարզի Ձորաշեն համայնքում, որտեղ ստեղծվող անտառը կկրի անվանի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը։ Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի խոսքով՝ ոչ մի երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, սակայն հնարավոր է նվազեցնել ռիսկերը և միաժամանակ պահպանել կենսաբազմազանությունը՝ հետևողական ու երկարաժամկետ քայլերով։ Նա նշել է, որ նախաձեռնությունն ուղղված է նաև Հայաստանի անտառածածկույթի ընդլայնմանը և ջրային ռեսուրսների հավասարակշռմանը։
Ձորաշենի լեռնային տեղանքը առանձնանում է հրաբխային հարուստ հողերով, բաց լանդշաֆտով և բնական խոնավությունը պահելու բարձր ունակությամբ, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում տեղական ծառատեսակների և թփերի տնկման համար։ Գործընկեր կազմակերպությունների մոտեցումը համահունչ է նաև շրջակա միջավայրի պահպանությամբ և աղետների ռիսկի նվազեցմամբ զբաղվող միջազգային կառույցների առաջնահերթություններին։
«My Forest Armenia»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Andre Gumuchdjian-ի գնահատմամբ՝ Viva-ն ամեն տարի մասնակցում է վերանտառապատման նախաձեռնություններին և ցուցաբերում է հետևողական մոտեցում բնապահպանական խնդիրների լուծման հարցում։ Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրի անտառի ստեղծմանն այս տարվա մասնակցությունը ունի թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալական նշանակություն և նաև հարգանքի տուրք է տարածաշրջանի հետ կապված մեծանուն հայրենակցին։
Մեկ հեկտար անտառ ստեղծելը երկարաժամկետ գործընթաց է․ տնկիների սկզբնական կենսունակությունն ապահովելու համար պահանջվում է առնվազն երեք տարի, դիմացկուն երիտասարդ անտառային զանգված ձևավորելու համար՝ 10-15 տարի, իսկ հասուն էկոհամակարգի կայացման համար՝ ավելի քան 50 տարի։ Հայաստանում, որտեղ անտառածածկույթը կազմում է ընդամենը 11%, Viva-ի և «My Forest Armenia»-ի համատեղ ջանքերով արդեն տնկվել է ավելի քան 56,000 ծառ, իսկ վերանտառապատման աշխատանքները կատարվել են մոտ 19 հեկտար տարածքում։

Աղբյուր՝ en.b24.am
